Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանաբնակ կանայք, ովքեր ՄԻԱՎ վարակակիր են, ռուսաստանցի երգչուհի, հանրահայտ «Վիագրա» խմբի անդամ Վերա Բրեժնևային խնդրել են հասարակությանը հաղորդել, որ ՄԻԱՎ-ով չեն վարակվում գրկելիս, համբուրելիս:
Վերա Բրևժնևան մոտ մեկ շաբաթ առաջ է նշանակվել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան: Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ նա այցելել է այդ կարգավիճակով և այսօր առաջին անգամ էր հանրությանը ներկայանում որպես բարի կամքի դեսպան:
Հայաստան այցելության ժամանակ Վ. Բրևժնեևան հանդիպել է ՄԻԱՎ վարակակիր կանանց հետ: «Նրանք բոլորն ուժեղ, գեղեցիկ ու խելացի կանայք են, ընտանիքներ ունեն, երեխաներ: Սակայն վախենում են բացել իրենց դեմքը»,- ասաց նա` հավելելով, որ կանայք իրեն պատմել են, որ դաժան վերաբերմունքի են արժանացել նույնիսկ մտերիմների կողմից, որոնք իմացել են իրենց` ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին:
Թե ինչո՞ւ է հենց Հայաստանն ընտրել, Վ. Բրեժնևան պատասխանեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որն այս ոլորտում բարվոք վիճակում է, վերջին շրջանում չեն գրանցվում նոր ՄԻԱՎ վարակակիրներ, և պետությունն էլ ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը: Սակայն դեռևս խնդիր է այն, որ վարակակիրները խարանվում ու խտրական վերաբերմունքի են արժանանում հասարակության կողմից: Բրեժնևան կոչ արեց բարի լինել միմյանց հանդեպ` վերջ դնելով խտրականությանը: Նաև հորդորեց բոլորին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ թեստ անցնել, իմանալ կարգավիճակը` հետագա քայլերը պլանավորելու համար, հատկապես, որ թեստն արվում է անանուն, անվճար է, և ամենակարևորը` այժմ հնարավոր է բուժման միջոցով արյան մեջ ՄԻԱՎ վարակի տարրերը հասցնել նվազագույնի, և այդ դեպքում անձն այլևս վարակիչ չի լինում:
ՄԱՁԻԱՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան էլ նշեց, որ Հայաստանում անելիքները հստակ են, այստեղ ՄԻԱՎ վարակակիրներ են դառնում աշխատանքային միգրանտները, ովքեր որոշակի ժամանակով մեկնում են արտերկիր: Եվ երբ վերադառնում են ընտանիք, չիմանալով անգամ իրենց վարակակիր լինելու մասին, այն փոխանցում են զուգընկերոջը: Եվ այս դեպքում պետք է պրոֆիլակտիկ աշխատանքներ տարվեն այս անձանց հետ: