կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 12:48
Հասարակություն

Միասնական քննություններին ընդառաջ

Միասնական քննություններին ընդառաջ

Միասնական և ավարտական քննական թեստերում խճճված ու անհասկանալի պահանջով առաջադրանքներ չեն լինի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

 

Նա նշեց, որ այս տարվա թեստերում կառուցվածքային միայն մեկ փոփոխություն է լինելու: Եթե նախկինում միայն հայոց լեզվի և գրականության թեստում կար «պնդումների փունջ» առաջադրանքը, ապա այս տարի այն լինելու է նաև բնագիտական առարկաների թեստերում:

 

Այս առաջադրանքի գնահատման չափանիշները բավականին խիստ են` ընդհանուր առաջադրանքը գնահատվում է 1.5 միավոր: Դրա շրջանակներում տրվում են վեց փոքր առաջադրանքներ, որոնց աշակերտը պատասխանում է` երեք տարբերակներից մեկն ընտրելով` «ճիշտ է», «սխալ է», «չգիտեմ»: Եթե պատասխանը սխալ է ընտրվում, 0.25 միավոր հանվում է, իսկ եթե դիմորդն ընտրում է «չգիտեմ» պատասխանը, ապա ոչ մի միավոր չի հանվում և չի ավելանում:

 

Գ. Մելիքյանը խոսեց նաև թեստերի շտեմարանների մասին: Նա նշեց, որ թեև որոշակիորեն ռիսկային են դրանք, սակայն առավելություններ ունեն: Մասնավորապես` նվազագույնի են հասցնում քննական թեստում սխալ մտնելու հավանականությունը, երկրորդ` վերացնում են անսպասելիության տարրը: Դիմորդները գիտեն` ինչ առաջադրանքներ են լինելու թեստում:

 

Շտեմարանների տպագրումը ռիսկային է այն առումով, որ նախ` դիմորդները կարող են անգիր անել առաջադրանքները, ինչպես եղել է նախորդ տարի կենսաբանության և օտար լեզուների դեպքում: Մելիքյանի խոսքով` դրա մասին վկայում է բարձր գնահատականների առատությունը: Պատճառն այն է եղել, որ շտեմարաններում առաջադրանքները սակավաթիվ են եղել և դրանք հիշելը բավական հեշտ է եղել:  Այս տարի այդ խնդիրը կլուծվի` շտեմարաններում առաջադրանքներն ավելի շատ կլինեն:

 

Մյուս կողմից` շտեմարանների տպագրությունը ծածկագրեր պատրաստելու հնարավորություն է տալիս: Դեպքեր են եղել, երբ դիմորդի մոտից վերցված հեռախոսում շտեմարաններն ամբողջությամբ նկարված, տեղադրված են եղել: