կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 14:45
Մշակույթ

Կոնչիտան ինձ համար հակաաստվածային և տհաճ կերպար է. Ալլա Լևոնյան

Կոնչիտան ինձ համար հակաաստվածային և տհաճ կերպար է. Ալլա Լևոնյան

Ավստրիայի երգիչ-երգչուհու կատարումը լավն էր, փայլուն էր, և ամենևին էլ զարմանալի չէր նրա հաղթանակը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը` անդրադառնալով նախօրեին «Եվրատեսիլ 2014»-ին և մրցույթում առաջին տեղը զբաղեցրած` Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստին:

 

Նրա կարծիքով` գաղտնիք չէ, որ «Եվրատեսիլը» քաղաքականացված մրցույթ է, ավելի ճիշտ` շոու: «Մենք մեծ տեղ ենք տալիս այդ մրցույթին, բայց պետք է հասկանանք, որ դա ընդամենը մրցույթ է: Երբ գնում են այդ մրցույթին, մտածում ենք` ամենաճիշտ տարբերակը մենք ենք ընտրել, այ հիմա Եվրոպային ցույց կտանք, բայց այսօր Եվրոպային մենք ոչնչով չենք կարող զարմացնել, քանի որ ամեն ինչ Եվրոպայից ենք վերցնում»,- ասաց Բայաթյանը:

 

Խոսելով Կոնչիտայի մասին` նա նշեց, որ մենք պետք է սովորենք, որ իմաստ չունի կենտրոնանալ մի խնդրի վրա, որը մեզ չի վերաբերում: Բայաթյանը հավաստիացնում է` մենք ուզում ենք աշխարհը փոխել մեր ձևով, որը, սակայն, նման մրցույթների ժամանակ չի անցնում: «Իսկ ինչո՞ւ ամբողջ աշխարհը պետք է ձայն տար Արամին: Հա, նա մեր ընկերն է, լավ է երգում, բայց մենք շատ ենք մտածում հաղթելու մասին: Այն, որ Եվրոպայում կայացած ինչ-որ մրցույթում մենք 20-րդ տեղն էլ գրավենք, էլի մեծ բան է մեզ համար»,- ասաց նա:

 

Երգչուհի Ալլա Լեւոնյանը, սակայն, նշեց, որ իր համար անընդունելի է Կոնչիտայի տեսակը, նրա կարծիքով` ցավն այն է, որ ոմանք, որոնք ամենևին էլ այդ տեսակը չեն, ընդունում են Կոնչիտային:

 

«Լավ երգելու համար չէ, որ ընտրեցին Կոնչիտային, սա քաղաքականություն է: Բայց, նորից եմ ասում, ինձ համար նրա կերպարը հակաաստվածային է ու շատ տհաճ: Մենք ինքնապահպանման խնդիր ունենք և չպետք է մտածենք` այ, եթե Եվրոպան ընդունում է նման երևույթներին, ուրեմն լավ է, մենք էլ պետք է ընդունենք: Եկեք` միայն լավը վերցնենք, քանի որ դժվար է հերոս դարձնել մեկին, ում սեռն անորոշ է»,- ասաց երգչուհին` հավելելով, որ երբ իր տղան հարցրել է, թե` մա'մ, ի վերջո, Կոնչիտան աղջի՞կ է, թե՞ տղա, ինքը պատասխան չի ունեցել` երեխային տալու: