կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-06 13:33
Քաղաքական

«Սուպերնախարարի» կյանքին վտա՞նգ է սպառնում

«Սուպերնախարարի» կյանքին վտա՞նգ է սպառնում

Մի շարք լրատվամիջոցներ այսօր իրենց էլեկտրոնային փոստին հաղորդագրություն են ստացել ոմն Սուրեն Մնացականյանից, որում հաղորդագրության հեղինակն անդրադառնում է ֆինանսների նորանշանակ «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանի' նոր աշխատավայրում «ինքնահաստատմանը»:

 

Նշվում է, թե Գագիկ Խաչատրյանն ընդամենը 5 օր է, ինչ դարձել է ֆինանսների նախարար, սակայն այս երկու օրերի ընթացքում նրա թիկնապահներն արդեն հասցրել են «հնարավորինս» դրսևորել իրենց նախարարությունում:

 

«Մասնավորապես` Գագիկ Խաչատրյանի թիկնապահները արդեն հասցրել են ապտակել նախարարության 2 աշխատակցի միայն նրա համար, որ նրանք աշխատանքի ժամին քայլելիս են եղել միջանցքում: Գագիկ Խաչտարյանը այժմ ուշադիր ուսումնասիրում է աշխատակիցներին տրվող պրեմիաների ֆոնդը: Ըստ այդ ֆոնդի, նա ուզում է գնահատել աշխատակիցների ունակությունները և պրոֆեսիոնալիզմը իրենց գործում: Գագիկ Խաչատրյանի թիկնապահները ծաղրում են Ֆինանսների նախարարության աշխատակիցներին' նրանցից շատերին ցինիկաբար մականուններ կպցնելով: Նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, աշխատակիցներն այժմ վախենում են ոչ միայն իրենց աշխատանքի, այլ նաև առողջության համար: Իսկ նախարարության կադրային հարցերով այժմ զբաղվում է ոմն Միքայել Փաշյան, որը, ըստ խոսակցությունների, մոտ ապագայում դառնալու է Ֆինանսների փոխնախարար: Ավելին, ըստ որոշ աղբյուրների, կա նաև հստակ ձայնագրություն, որտեղ Միքայելը ասում է, որ նախարարության տարբեր ստորաբաժանումների պետերը իրենց աշխատանքին մնալու համար պետք է ՇԵՖԻ պահանջների համաձայն և միևնույն ժամանակ պետք է վճարեն որոշակի կլորիկ գումար' իրենց պաշտոնները չկորցնելու համար: Ըստ նույն աղբյուրների, այդ գումարը կազմում է պետերի համար' 25 000 դոլար, տեղակալների համար' 15 000 դոլար գումար, ըստ նրա դա այդքան էլ մեծ գումար չէ նման բարձր պրեմիաներ ստացող վարչության պետերի և տեղակալերի համար: Ահա այսպիսի բեսպրեդելով է սկսել իր պաշտոնավարումը Ֆինանսների նախարարությունում նախարար Գագիկ Խաչատրյանը»,- գրված է հաղորդագրության մեջ:

 

Թե ինչքանով է այս հաղորդագրությունում նշված ինֆորմացիան համապատասխանում իրականությանը, իհարկե, ո'չ կարող ենք հաստատել, ո'չ էլ հերքել, բայց մի բան հստակ կարող ենք ասել` Գագիկ Խաչատրյանն ուժեղացված անվտանգության համակարգով պաշտպանված հայտնի պաշտոնյաներից է դեռ վաղուց:

 

Օրինակ` կառավարության` անցած շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ կառավարությունում հավատարմագրված լրագրողների ուշադրությունից չվրիպեց ֆինանսների նախարարության «մարդաշատությունը»: Ֆինանսների նախարարությունում, ինչպես նշում էին ավելի երկար աշխատանքային փորձ ունեցող լրագրողները, երբեք եւ ոչ մի նախկին նախարարի օրոք նման մեծ թվով թիկնապահներ միջանցքներում չեն եղել: «Ախրանիկ» չտեսած գերատեսչության գրեթե բոլոր հարկերի միջանցքները հսկում են հաստավիզ թիկնապահներ: Հետաքրքիր է' ֆինանսների նախարարության շենքում Գագիկ Խաչատրյանին ի՞նչ վտանգ կամ ո՞վ է սպառնում...

 

Բայց մեկ այլ բան էլ է ուշագրավ' թիկնազորը Գագիկ Խաչատրյանին պաշտպանում է ոչ միայն ու ոչ այնքան, ասենք, մահափորձից ու հարձակումներից, այլ ավելի շատ նաեւ լրագրողներից: Երբեմն, երբ «սուպերնախարարն» իր «շքախմբով» քայլում է, օրինակ, փողոցով, ուղղակի անհնար է մոտենալ նրան, էլ ուր մնաց` ինչ-որ հարց ուղղել: Իսկ թիկնապահների հայացքից քիչ է մնում ինքնավնասում կատարես՝ Գագիկ Խաչատրյանին մոտենալու հանդուգն համարձակության համար:

 

Հարկ է նշել, որ մեկ էլ ՀՀ նախագահն է նման ուժեղացված անվտանգության համակարգով շրջում: