Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության Կենտրոնի բաժնի առանձին սենյակ, ուր բերման են ենթարկել լրագրող Անի Գևորգյանին, ներս է մտել քաղաքացիական հագուստով մի տղամարդ` մի քանի կին ոստիկանների ուղեկցությամբ, հարվածել է Անիի այտին, վերցրել ձեռքից հեռախոսը և, նետելով կին ոստիկաններին, հրամայել. «Առգրավեք սա»: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Անի Գևորգյանը, ով երեկ գիշերը ոստիկանների կողմից բերման էր ենթարկվել:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել լրագրողների և ՀԱԿ ակտիվիստների։
Անի Գևորգյանը պատմեց, որ մինչ ոստիկանություն բերման ենթարկելը ոստիկանները փողոցում փորձել են խլել նրա տեսախցիկը` հարվածելով նրա ձեռքերին: Նույն բանն արել են թե' ոստիկանական մեքենայի մեջ, որով Անիին տեղափոխել են ոստիկանական բաժին, թե' ոստիկանության բաժնում, որտեղ արդեն մի քանի ոստիկան բռնությամբ փորձել են Անիի ձեռքից խլել տեսախցիկը:
«Ես հրաժարվեցի ինքնակամ հանձնել տեսախցիկն ու հեռախոսը, ասացի` կտամ իրերը միայն այն դեպքում, երբ իրենք խուզարկությամբ դա անեն ու փաստաթուղթ կազմեն, որում կարձանագրվի, թե ինչ են խլել: Ես ասացի, որ չեմ վստահում իրենց, որ իրենք, վերցնելով իմ իրերը, նորից ետ կվերադարձնեն»,- ասաց Անի Գևորգյանը` հավելելով, որ այդ ամբողջ ընթացքում իրեն զանգահարում էին լրագրողներ, իսկ ինքը պատմում էր տեղի ունեցածի մասին, ինչն էլ հունից հանել է ոստիկաններին:
Ոստիկանության բաժնում քաղաքացիական հագուստով վերոհիշյալ տղամարդը հարվածել է Անիին: «Հետո ինձ ասացին, որ ինձ հարվածող տղամարդը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետն է»,- ասաց Անինը: Նա նշեց, որ իրեն տարել են ոստիկանության հետաքննության բաժնի մի սենյակ` պահանջելով, որ բացատրություն գրի, ինքը հրաժարվել է անել դա: Այդ ժամանակ ոստիկանները իրենք են ինչ-որ թղթեր լրացրել ու հետո ասել, որ ազատ է, կարող է գնալ:
Ինչ վերաբերում է երեկվա դեպքին, երբ թռուցիկներ էին բաժանում, ու մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են նրանց` հրահրելով բախում, Անի Գևորգյանը նշեց, որ միայն ոստիկանությունից դուրս գալուց հետո է իմացել, որ այդ երիտասարդները երիտհանրապետականներ են: Լրագրողըը նշում է, որ այդ երիտասարդներն էլ ամեն կերպ փորձել են ծածկել տեսախցիկը, հրել են, նրանցից մեկը` Վարդան Գևորգյանը, հրամայել է խլել տեսախցիկը` հարվածելով Անիի ձեռքերին:
«Ոստիկանության հրամանն է եղել` խլել նկարահանող տեսախցիկը»,- ասում է լրագրողը` հավելելով, որ երեկ տեղի ունեցած միջադեպը, որին մասնակից էին երիտհանրապետականները և ոստիկանները, ակնհայտ ապօրինի գործողություններ են: Ըստ Անիի` քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման գործընթացին խոչընդոտելը հանցագործություն է, ինչպես նաև հանցագործություն է քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելը ու նրանց բերման ենթարկելը:
Փողոցում, երբ երիտհանրապետականները հարձակվել են ակտիվիստների վրա, վերջիններս կանչել են ոստիկանություն: Երբ մոտեցել է ոստիկանություն մի մեքենա, երիտհանրապետականները ձեռքով նշան են արել, որ մեքենան թողնի գնա: Մեքենան հեռացել է, և դրանից 10-15 րոպե հետո եկել է ոստիկանության երկու մեքենա ու բերման ենթարկել ակտիվիստներին` մարդկանց, ովքեր դրանից քիչ առաջ կանչել էին ոստիկանություն:
Անի Գևորգյանն այս ամենից հետևություն է անում, որ ակնհայտ պլանավորված ու ապօրինի գործողություններ են իրականացվել ոստիկանության ու երիտհանրապետականների կողմից: Ոստիկանները գործել են նախօրոք մտածված պլանի շրջանակներում` հնարավորինս քիչ հետք թողնել, ահա` ինչու նրանց նպատակն էր խլել տեսագրող սարքերը:
Ի դեպ, ոստիկանությունում Անի Գևորգյանի տեսախցիկը խլելուց հետո մի կին ոստիկան, ով ներկայանում էր որպես իրավախորհրդատու` Սոնա Մելիքյան անունով, առգրավել է տեսախցիկի հիշողության քարտը: «Քարտը վերադարձնելուց հետո, երբ այն տեղադրեցի տեսախցիկի մեջ, ցույց է տալիս, որ տեխնիկական խնդիր կա, այսինքն` ոստիկանության առգրաված ու ինձ հետ վերադարձված քարտը իրենք դիտավորյալ փչացրել են»,- ասաց լրագրողը: