|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։
Հիմնվելով նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարությւններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածենաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:
Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ: