Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրք ազգայնական Հասան Օքթայի լուսանկարները մեր երկրի աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների ամենաբարձր դեմքերի հետ կարծես արդեն չեն զարմացնում. բոլոր պատկան մարմինները, որոնք պիտի այս արտառոց լուսանկարների վերաբերմամբ հանրությանը գոնե սեփական դյուրահավատությունը կամ աններելի անտեղյակությունը չքմեղացնող բացատրություններ տային, խոր լռություն են պահպանում` երևույթը այնքան սովորականացնելով, որ վաղը եթե նշված թուրքը հայտնվի ԱԱԾ ղեկավարության հետ պաչ-պռոշտի անելիս, դարձյալ չպիտի չզարմանանք:
Այնուամենայնիվ, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ թուրքի լուսանկարը զարմացնում ու վիրավորում է: Այդ լուսանկարը նաև հարցեր է առաջացնում: Եվ դրանցից առաջինն այն է, թե Վեհափառն ինչո՞ւ է այդքան կորցրել իր վեհությունն ու փառավորությունը, որ իրեն թույլ է տալիս լուսանկարվել ինչ-որ պատահական թուրքի հետ: Ի՞նչ պարագաներում և ի՞նչ նպատակով կարող էր Հայոց հայրապետը լքել իր գահն ու իջներ ոմն թուրքի հետ լուսանկարվելու «աստիճանին»: Եվ ընդհանրապես` արարողակարգն ի՞նչ է պահանջում (կա՞ այդպիսի արարողակարգ)` երբ, ինչ առիթներով ու, առավել ևս, ՈՒՄ հետ է պատշաճ, որ լուսանկարվի Վեհափառը: Նա մի՞թե չունի սեփական վեհության այն գիտակցումը, որ կստիպեր լուսանկարչի առջև կեցվածք չընդունել ինչ-որ պատահական մարդու, կոնկրետ դեպքում` թուրք ազգայնականի հետ, որը, ինչպես հետագա «դեպքերը» (իմա` լուսանկարները) ցույց տվեցին, լկտիություն ունի ծաղրելու մեր երկիրն ու ժողովրդին` իր ազգակցի հետ գորշ գայլերին խորհրդանշող ցինիկ ժեստով լուսանկարվելով հայոց մայրաքաղաքի հրապարակի ֆոնին: Բայց այդ իրավունքը գուցե նա «վաստակե՞լ» է` վարչապետի ու կաթողիկոսի հետ նախօրոք լուսանկարվելով:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ