կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 18:05
Հասարակություն

2014 թվականից միջին աշխատանքային կենսաթոշակը կլինի 36 հազար դրամ

2014 թվականից միջին աշխատանքային կենսաթոշակը կլինի 36 հազար դրամ

Կառավարությունն այսօր հաստատեց 2014 թվականին միջին աշխատանքային կենսաթոշակի չափի մասին որոշումը: Ըստ այդմ' հիմնական կենսաթոշակի չափը սահմանվեց 14000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին 10 տարվա համար' 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար' 450 դրամ:

 

«Արդյունքում` 2014 թվականին միջին աշխատանքային կենսաթոշակի չափը 31 հազար դրամի փոխարեն կկազմի 36 հազար դրամ, աճը` շուրջ 15 տոկոս: Բայց համամասնությունները տարբեր են' ավելի մեծ չափով կբարձրացնենք ավելի ցածր կենսաթոշակներ, ավելի ցածր չափով' ավելի բարձր կենսաթոշակները»,- նշեց նախագիծը ներկայացնող` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ նախկինում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակվող սոցիալական կենսաթոշակի փոխարեն նախատեսվում է նշանակել և վճարել ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստներ:

 

Հարկ է նկատի ունենալ, որ վերը նշված անցման շրջանակներում նախատեսվում է պահպանել շահառուներին տրամադրվող գումարի չափը, այսինքն' նպաստների չափերը պետք է լինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի չափը:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2014 թվականի հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը (որից հաշվարկվում էր սոցիալական կենսաթոշակի չափը) նախատեսվում է սահմանել 14000 դրամ, առաջարկվում է ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել 14000 դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը սահմանել` ա. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 19600 դրամ, բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16800 դրամ, գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 14000 դրամ:

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի չափը սահմանվում է 14000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ:

 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստի չափն էլ կլինի 200000 դրամ: