Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեց` անդրադարձ կատարելով նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ «Վաղարշ եւ որդիներ կոնցեռնի»` ոսկու շուկայի աշխատակիցների կազմակերպած բողոքի ցույցին:
Վարչապետը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, այդ պատճառով էլ ինքն անդրադառնում է այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները պարբերաբար կառավարության շենքի մոտ ցույցեր են կազմակերպում, եւ բողոքների պատճառները շատ տարբեր են: Տիգրան Սարգսյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը իրեն ծանոթացրել է այս խնդրի տեղեկանքի հետ, եւ այն տեղեկատվությունը, որ զետեղված է տեղեկանքում բացարձակապես չի համապատասխանում այն տեղեկատվությանը, որը տարածել են ԶԼՄ-ները:
«Միեւնույն ժամանակ, տեսչության պետն ինձ տեղեկացրեց, որ այս տարվա ծրագրով պլանավորված է, որ դեկտեմբերի 10-ին նրանք համալիր ստուգում պետք է իրականացնեն ոսկու շուկայում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ձեզ հետ միասին տեսչական բարեփոխումների շրջանակներում որդեգրել ենք այն սկզբունքը, որ տնտեսվարող սուբյեկտների անհարմարությունները պետք է հասնեն մինիմումի: Նշանակում է, որ մեր տարբեր տեսչական մարմինները ստուգումների ժամանակ իրենց գործողությունները պետք է դարձնեն համադրելի, որպեսզի հաճախակի այնտեղ ստուգումեր չանեն»,- նշեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հավելեց, որ բոլոր բողոքները, որ կառավարությունը ստանում է ոսկու շուկայի աշխատակիցներից եւ հաճախորդներից, բազմազան են` սկսած աշխատանքային պայմաններից, հակահրդեհային եւ սանիտարական վիճակից: Հաճախորդները բողոքում են նաեւ, որ ձեռք են բերում իրեր առանց համապատասխան դրոշմների, իրերի որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ:
«Մեզ համար սա շատ կարեւոր է, քանի որ շուկայում շուրջ 7000 մարդ է աշխատում, եւ մենք պետք է շատ զգույշ լինենք ու շատ լավ պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիսկերի հետ գործ ունենք»,- նշեց վարչապետը` հանձնարարելով, որպեսզի այնտեղ ստուգումները ունենան մեկ գործընթաց միեւնույն ժամանակահատվածում, չլինեն տարբեր ստուգումներ` տարբեր ժամանակահատվածում:
Վարչապետը նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր եւ խնդիրներ կան, եւ ինչու են քաղաքացիները պարբերաբար բողոքում: «Արդյունքների մասին տեղյակ կպահվեն` նշելով բացահայտումներն ու ռիսկերը, որոնք ցավոք, մշտապես դրսեւորվում են` առաջացնելով մեր քաղաքացիների արդարացի դժգոհությունները»,- եզրափակեց վարչապետը: