կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 19:03
Հասարակություն

Հրաժարական` հրաժարականի հետեւից

Հրաժարական` հրաժարականի հետեւից

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում Արթուր Մուրադյանի` գյուղապետ ընտրվելուց հետո իրավիճակը գնալով բարդանում է: Գյուղապետարանի աշխատակազմի հրաժարականից հետո, Yerkir.am-ի տեղեկություններով, երեկ հրաժարականի դիմումներ են գրել գյուղում գործող միակ մանկապարտեզի 7 աշխատողները եւ այսօր չեն ներկայացել աշխատանքի: Իսկ հրաժարականների պատճառը մանկապարտեզի նորանշանակ տնօրենն է` Սուսաննա Հովհաննիսյանը, եւ նրա պահվածքը: Վերջինս, ըստ պռոշյանցիների, համարվում է գյուղապետ Արթուր Մուրադյանի «մարդը» եւ մի քանի օրից կլրանա նրա թոշակի տարիքը:

 

Մանկապարտեզի արդեն նախկին տնօրենը` Մաքրուհի Ազատյանը, տնօրեն էր նշանակվել Հրաչ Մուրադյանի օրոք` դեռեւս 2009թ.-ին, մանկապարտեզի վերանորոգումից հետո, որն իրականացվել էր կանադահայ բարերարի ջանքերով: Վերջինս, ի դեպ, Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո այլեւս բարեգործական ծրագրեր չի իրականացնում գյուղում:

 

Ուշագրավ է, որ թեեւ Պռոշյանում չեն դադարում լուրերը, թե նախկին տնօրեն Մաքրուհի Ազատյանին գյուղապետը ստիպել է ազատման դիմում գրել, բայց տիկին Մաքրուհին մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքնակամ է դիմում գրել: Ավելին` նա պատմեց, որ դեռ Հրաչ Մուրադյանի կենդանության օրոք էլ է դիմում գրել, քանի որ այն ժամանակ կարծում էր, որ իր աշխատանքն իրեն չի բավարարում:

 

«Ես համերաշխության, հանգստության, փոխզիջման կողմնակից եմ: Ես սիրում եմ մարդկային վերաբերմունք: Ինչո՞ւ ամեն ինչ սրել: Ես որ դուրս եմ եկել, բարի վայելում եմ ցանկացել հաջորդ տնօրենին: Ես ոչ մի պայքարի ցանկություն չեմ ունեցել, ով որ եկել է, թող աշխատի»,- նշեց մանկապարտեզի նախկին տնօրենը:

 

Մանկապարտեզում տիրող այսօրվա իրավիճակին տիկին Մաքրուհին տեղյակ չէ, նախկին գործընկերների հետ էլ չի խոսել: «Երբ ես դուրս էի գալիս, իրենք ասացին, որ ուզում են ինձ հետ դուրս գալ, բայց ես ասացի` ոչ, դուք` ձեր աշխատանքը, ես ի՞նչ գործ ունեմ, որ ձեր հացին վայիս լինեմ: Ի՞նչ բարոյական իրավունք ունեի` ասեի` եկեք, ինձ հետ դուրս եկեք»,- նշեց նախկին տնօրենը: