կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-11 17:41
Իրավական

''Վանաձոր'' ՔԿՀ-ի դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել

''Վանաձոր'' ՔԿՀ-ի դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել

2013թ. մայիսի 29-ին և 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:

 


Առաջինը հաշվետվությունը վերաբերվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Դ. Մ.-ի առողջական վիճակին, ով տառապում է մի շարք հիվանդություններով, և նրա վիճակը գնահատվել է խիստ ծանր: Խմբի անդամներն արձանագրել են, որ դատապարտյալին անհրաժեշտ է շուրջօրյա խնամք, առանձնացված պալատ, մասնագիտացված բուժում, որը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ապահովել հնարավոր չէ:

 


Ս.թ. մայիսի 29-ին դիտորդական խմբի կողմից ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված հրատապ հաշվետվությամբ բարձրացվել են հիշյալ դատապարտյալին շատ շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդիրները:
ՀՀ քրեակատարողական վարչությունից ստացվել է պատասխան, որի համաձայն՝ դատապարտյալ Դ. Մ.-ն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան տրամադրվում է համապատասխան բուժում: Միաժամանակ, Դիտորդական խմբին հայտնվել է, որ դատապարտյալ Դ. Մ.-ի՝ պատժից վաղաժամկետ ազատման հարցը կքննարկվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առաջիկա նիստում:

 


Դիտորդական խումբը դրական է գնահատում ՀՀ քրեակատարողական վարչության կողմից տվյալ հարցի լուծման վերաբերյալ դրսևորված պատրաստակամությունը:



Մյուս հրատապ հաշվետվությունը վերաբերում էր նրան, որ 2013թ. մայիսի 28-ին դիտորդական խմբի անդամները «Վանաձոր» ՔԿՀ այցելության ընթացքում մի քանի դատապարտյալների մարմիններին հայտնաբերել էին վնասվածքներ, ինչի վերաբերյալ նույնպես ներկայացվել էր հրատապ հաշվետվություն:

 


«Վանաձոր» ՔԿՀ-ում առկա փաստաթղթերի և վարչակազմի կողմից ստացված պարզաբանումների համաձայն՝ «ս.թ. մայիսի 27-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի 3 դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ՝ սամբոյի հնարք և հատուկ միջոց՝ ձեռնաշղթա, բարձրաձայն զազրախոսելու, խցից դուրս հրավիրելու օրինական պահանջին չենթարկվելու, խուզարկության իրականացմանը խոչընդոտելու պատճառով» :

 

Կատարվածի վերաբերյալ դիտորդական խումբը մտահոգություն է հայտնում հետևյալի մասին` արդյոք կիրառված ֆիզիկական ուժը և հատուկ միջոցը համաչա՞փ են եղել կատարված արարքին, որի վերաբերյալ խումբը արձանագրում է հետևյալ խնդրահարույց հարցերը.

 

- Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ արձանագրություններում հստակ նշված չէ, թե կոնկրետ ինչպիսի հնարք է կիրառվել դատապարտյալների նկատմամբ:
- Արդյո՞ք բոլոր դատապարտյալների նկատմամբ որպես ֆիզիկական ուժ նույն հնարքն է կիրառվել:
- Արդյո՞ք տվյալ հնարքի կիրառումը համաչափ էր դատապարտյալների արարքին:
- Դատապարտյալների վնասվածքները 2013թ. հունիսի 3-ի դրությամբ դեռևս արձանագրված չեն եղել դատաբժիշկ-փորձագետի կողմից, թեև վարչակազմի կողմից նման որոշում կայացվել էր:
- Դատապարտյալ Ա. Գ.-ի վերաբերյալ տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունը փաստում է, որ դատապարտյալի մոտ առկա ոչ բոլոր վնասվածքներն են արձանագրված:
- Արդյո՞ք կիրառված հնարքը կարող էր հանգեցնել դատապարտյալների մոտ արձանագրված մարմնական վնասվածքների առաջացմանը:



Երկրորդ հրատապ հաշվետվության վերաբերյալ դիտորդական խումբը դեռևս պատասխան չի ստացել: