Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցների գետնանցումն աղետալի վիճակում է: Գետնանցումի առաստաղից կախված են ամրաններ, պատերը զրկվում են ծեփից, ամբողջությամբ ճաքել, անձրեւների ժամանակ գետնանցումում կաթկթոցներ են: Պատերին տեղադրված բազմաթիվ հարմարանքները ապացուցում են, որ վաղ անցյալում այդտեղ լուսավորություն է եղել, սակայն ներկայումս թե՛ ցերեկային, թե՛ երեկոյան ժամերին պետք է օգտվել բջջայինի լուսավորությունից: Պատերին յուրաքանչյուրն իրենից հիշատակ թողել է մի գրություն կամ նկար...
Ամենավտանգավորը, սակայն, սրանք չեն: Գետնանցումը փուլ է գալիս: Դա է ապացուցում ոչ միայն ամրանների կտրված լինելն ու պոկվելը. գետնանցումի վերեւում՝ ճանապարհային հատվածում, եւս ճաքեր կան:
Մանրամասները՝ տեսանյութում:
2011թ. հուլիսի 20-ին Երեւանի այդ ժամանակվա քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային շրջայց կատարեց Կենտրոն համայնքում, եղավ նաեւ հիշյալ գետնանցումի տարածքում: Քաղաքապետը նշեց, որ գետնանցումների բարեկարգման ծրագրով առաջիկայում կհայտարարվի մրցույթ եւ հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները, համաձայն որոնց` տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակ, նաեւ առեւտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:
Կարեն Կարապետյանը, հավանաբար, իր հետ տարավ իր գեղեցիկ ծրագրերը... Ստացվում է՝ եթե գետնանցումը չի հատկացվում որեւէ ներդրողի՝ առեւտուր կազմակերպելու համար, ուրեմն պետք է քաղաքապետարանը մատնի բարձիթողիությա՞ն: Կարծես, 90-ականների պես, երբ ամեն ինչ նախ թալանվում ու քարուքանդ էր արվում, հետո մասնավորեցվում՝ «մասնավորը լավ կառավարիչ է» պատճառաբանությամբ:
Երեւանի գետնանցումները հիմնականում, կարծես, դեկորացիա են, ընդ որում՝ տգեղ, դրանցից օգտվողները սակավաթիվ են: Թեեւ ոստիկանությունը սպառնում է տուգանել հետիոտնի համար չթուլատրված հատվածներով փողոցը հատողներին կամ պահանջում անցնել գետնանցումներով, սակայն մարդիկ գերադասում են մեքենաների «արանքներով», ահը սրտներում, ճողոպրելը, քան գետնանցումներից օգտվել: Պատճառները շատ են՝ լուսավորության պակասը կամ բացակայությունը, գարշահոտությունը, անպարկեշտ գրությունները եւ գլխավորը՝ անապահովությունը: Նույն վիճակն է Երեւանի անցումների մեծամասնությունում...