կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-05 15:51
Հասարակություն

Արտակ Բուդաղյանի վիճակը կայունանում է

Արտակ Բուդաղյանի վիճակը կայունանում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում հրազենային ծանր վնասվածքներ ստացած` գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը բժիշկներ գնահատում են ծանր կայուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

 

Ըստ նրա` գնդապետի գիտակցությունը տեղն է, ֆիզիկական վիճակը` կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին` նա կարողանում է շփվել հարազատների և բժիշների հետ, սակայն դեռևս այն վիճակում չէ, որ կարողանա ցուցմունք տալ:

 

Ասատուրյանի խոսքով` երբ Բուդաղյանի առողջական վիճակը ծանր կայունից բարելավվի մինչև միջին ծանրության, նրան վերակենդանացման բաժնից կտեղափոխեն ընդհանուր բաժին:

 

Նշենք նաև, որ գնդապետին այցելել է զինդատախազը:

 

Արամ Ասատուրյանն ասաց, որ Արտակ Բուդաղյանին դեռ չեն հայտնել, որ եղբայրը մահացել է` իր իսկ վիճակից ելնելով, բայց հենց վիճակը բարելավվի, հարազատները կնախապատրաստեն ու կտեղեկացնեն:

 

 

Գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի մասին մանրամասներ հաղորդեց նաեւ նրան բուժող բժիշկ Սեւակ Շահբազյանը: բժիշկը նշեց, որ նոր տեղափոխված ժամանակ հիվանդը գտնվել է դեղորայքային սեդացիայի ազդեցության տակ, հետեւաբար նոր-նոր է սկսել հիվանդի վիճակը դրական տեղաշարժ ունենալ:


«Կայուն, ծանր վիճակում է իհարկե, բայց նոր-նոր սկսել է խոսել, մինչեւ այդ չէր խոսում: Ունենք աննշան դրական դինամիկա` չունենք վատացում, այլ հիվանդը գնալով ապաքինվում է»,- ասաց բժիշկը:

 

Նա տեղեկացրեց նաեւ, որ այսօր արդեն փորձել են նստեցնել Արտակ Բուդաղյանին, իհարկե, վիճակը դեռ թույլ չի տալիս, որ քայլի, բայց այսօր-վաղը կփորձեն նաեւ  քայլեցնել: