կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 11:43
Քաղաքական

Արման Մելիքյանն էլ է վարսավիրանոց գնացել

Արման Մելիքյանն էլ է վարսավիրանոց գնացել

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքայնի կարծիքով` քարոզարշավի առաջին շաբաթը ցույց տվեց թեկնածուների ընտրական մարտավարությունը, հասկանալի դարձան նրանց քաղաքական հայացքները, բայց արձանագրվեց, որ որեւէ գործնական առաջարկ չհնչեց` թե ինչպես կարելի է ապահովել առաջիկա ընտրությունների օրինականությունը:

 

Ընտրարշավը, ըստ Մելիքյանի, թեկնածուներին բաժանեց երկու հիմնական ճամբարների: «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը իրենց խոսքում կասկածի տակ չեն դնում ընտրությունների օրինականության հարցը, պարզապես աչք են փակում ընտրակեղծարարության վրա: Մյուսները ծայրահեղ քայլերի են դիմել, որոնցից ամենածայրահեղը Անդրիաս Ղուկասյանին է, ինչը արդյունավետ չեմ համարում, քանի որ այրված են բոլոր կամուրջները: Արամ Հարությունյանն էլ պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել, ինչը, կարծում եմ, քաղաքական հուսահատության դրսեւորում է»,-հայտարարեց Արման Մելիքյանը:

 

Նա վստահեցրեց, որ, մեկ շաբաթ շփվելով քաղաքացիների հետ, տեսել է, թե որքան հուսալքված են մեր քաղաքացիները եւ խեղդված համատարած ստի մեջ: «Գիտեի, որ իրավիճակը ծանր է, բայց չէի պատկերացնում, որ հիասթափությունն այսքան խորն է: Մարդիկ հեռանկար անգամ չեն տեսնում այս իշխանությունների վերաարտադրման դեպքում»,- հայտարարեց նախագահի թեկնածուն:

 

Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե այս մեկ շաբաթվա ընթացքում որտե՞ղ է շփվել քաղաքացիների հետ, երբ քարոզարշավ չի արել, Արման Մելիքյանն արձագանքեց. «Օրինակ` վարսավիրանոցում»:

 

Մեր այն հարցին էլ, թե ինքն էլ է կասկածում, որ Հովհաննիսյանը, Բագրատյանը եւ Հայրիկյանը մեղմ ասած Սերժ Սարգսյանի խաղն են խաղում, Մելիքյանը նախ հայտարարեց, որ նման որակում տալու իրավունք ինքը չունի, բայցեւ շտապեց ընդգծել. «Չի բացառվում, որ նրանից յուրաքանչյուրի ընտրած ճանապարն օգտագործվի իշխանությունների կողմից՝ իրենց ընտրությունը լեգիտիմացնելու համար: Ես փաստն եմ ընդգծում, որ այդ թեկնածուները չեն արտահայտում մտահոգություն կապված ընտրությունների օրինականության հետ եւ պատրաստ են առաջ գնալ իշխանությունների կողմից սահմանված խաղի կանոնների համաձայն»: