Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի երթևեկության անկանոնությունը մեծապես պայմանավորված է կենտրոնական փողոցներում ավտոկայանատեղիների անհստակության, ինչպես նաև ավտոմեքենաների կայանման միասնական ձևի բացակայությամբ: Երթեւեկության ամենածանրաբեռնված ժամերին ավտոմեքենաների ընթացքը դանդաղեցնում և խցանումների պատճառ են դառնում կենտրոնական փողոցներում անկանոն, հաճախ երկու շարքով կայանված ավտոմեքենաները: Որոշ փողոցներում ավտոմեքենաները կայանվում են փողոցի լայնությամբ` նեղացնելով առանց այդ էլ նեղ երթևեկելի մասը:
Նկարում պատկերված է Վարդանանց-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկը, որի հարևանությամբ է գտնվում շինանյութի շուկան: Ցերեկվա ժամերին այս փողոցով մեքենա վարել, պահպանելով երթեւեկության կանոնները, ուղղակի անհնար է: Փողոցի լայնքով, երկու մայթերի դիմաց կայանված մեքենաների ետևում հաճախ կայանվում են մեկ, երբեմն երկու ավտոմեքենա` վեց շարքանի երթեւեկելի մասից թողնելով ընդամենը երկու մեքենայի՝ իրարից սանտիմետրերի հեռավորությամբ անցնելու հնարավորություն:
Մի կարճ շրջան Ճանապարհային ոստիկանությունը փորձում էր այս հարցը կարգավորել, սակայն նրանց կողմից ձեռնարկված շատ միջոցառումների նման այս մեկը եւս ունեցավ խիստ ժամանակավոր բնույթ: Այս փողոցի օրինակը եզակի չէ: Նույնն է վիճակը Տիգրան Մեծի, Նալբանդյան, Սարյան փողոցներում:
Մեկ ուրիշ պրոբլեմ է մանր ու մեծ «օբյեկտների» մայթերի դիմաց, փողոցների մեջտեղում երկաթյա ցուցանակների տեղադրումով օտար, այդ հաստատություններին չպատկանող ավտոմեքենաների կայանումն ինքնակամ արգելելը: Եվ ոչ ոք չգիտի` օրինակա՞ն է այդ արգելքը, թե՞ ոչ: Մինչդեռ խնդրի լուծումը, ինչպես միշտ, պարզ է: Քաղաքապետարանը և թաղապետարանները պարզապես պարտավոր են գունավոր ներկերով գծանշել այն տարածքները, որոնք նախատեսված են կայանման համար` ընդհուպ մինչև յուրաքանչյուր ավտոմեքենայի համար նախատեսված տարածքը: Ավտոկայանման տարածը պետք է առանձնացված լինի երթևեկության համար նախատեսված գծերից, այլապես այսօր կայանումը համատարած կատարվում է երթեւեկության համար նախատեսված առաջին գծում: Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է խստորեն հետեւի այս կանոնների կիրառմանը, հակառակ դեպքում՝ մենք միշտ կունենանք այն, ինչ ունենք՝ անկարգ երթեւեկություն, խցանված փողոցներ: