կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 18:33
Քաղաքական

Ի՞նչ է արել ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը

Ի՞նչ է արել ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը

Թեեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չէր մասնակցում ԱԺ-կառավարություն ավանդական հարցուպատասխանին, սակայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առանց պատասխանի ակնկալիքի հնչեցրեց իր հարցը` Ադրբեջանի՝ ՄԱԿ-ում ոչ մշտական անդամ ընտրվելու հետ կապված։

 

«Այսօր արդեն պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ այդ երկու տարին իրենք օգտագործելու են հիմնականում ԼՂ խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում արծարծելու համար։ Իսկ պաշտոնական Թուրքիան հայտարարել է, որ օգնելու է իր եղբայրակից Ադրբեջանին այդ խնդիրն առաջ մղելու համար։ Այսօր արդեն ԱՄՆ պետդեպը շնորհավորել է Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ, ողջունել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը»,- հայտարարեց բարկացած Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ այն պնդումները, թե Ադրբեջանը գնել է 155 երկրի քվե, բարձրացնում են Ադրբեջանի դերը և նշանակությունը. «Ուրեմն Ադրբեջանը կարող է այդքան երկրի նախագահ և վարչապետ գնել»։

 

«Ես կուզենայի, որ մեր ԱԳՆ-ն պաշտոնապես ասեր՝ ի՞նչ կարող էր անել մեր համապատասխան գերատեսչությունը, ի՞նչ պիտի աներ, որ չի արել կամ արել է ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը, բացի շաբաթը մեկ Պան Գի Մունին նամակ գրելուց, որ ինչքան վատն է Ադրբեջանը և այլն։ Ինչո՞ւ Հայաստանը չառաջադրեց նաև իր թեկնածությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները այս օրերին հնչելու են, քանի դեռ մեր ԱԳՆ-ն այդ խնդիրների վերաբերյալ հանդես չի եկել հստակ պարզաբանմամբ»,-  եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը: