Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից yerkir.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Հանդիպմանը ներկա են եղել Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանը, ֆրանսիացի արվեստի գործիչներ Ժերոմ Ռևոնը եւ Ստեֆան Գատոն:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների բարձր մակարդակի վերջին փոխայցելություններին, որոնք, նրանց համոզմամբ, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության եւս մեկ վկայություն են եւ նոր խթան կդառնան երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում Նախագահը Լեւոն Սայանին է հանձնել նրան շնորհված ՀՀ պետական պարգևը` Պատվո շքանշանը, որ պարոն Սայանն ստացել էր դեռևս 2009 թվականին` հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա ազգանպաստ գործունեության համար:
Իսկ Ժերոմ Ռեւոնին եւ Ստեֆան Գատոյին Հանրապետության ղեկավարը հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով արվեստի այս գործիչները պարգևատրվել էին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և հայ ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Նախագահը շնորհավորել է պարգևատրման կապակցությամբ եւ հանդիպման պատեհ առիթով մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այն գործունեության համար, որը բարձր է գնահատվել Հայաստանում` ՀՀ պետական պարգևների արժանանալու հիմք դառնալով: