կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 18:34
Հասարակություն

Նախագահն այցելել է Գեղարքունիքի մարզ

Նախագահն այցելել է Գեղարքունիքի մարզ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Հանրապետության ղեկավարն այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր, որոնք ստեղծվել են ի կատարումն ՀՀ նախագահի 25.02.2011թ. հանձնարարականի և նպատակ ունեն ապահովել ազգաբնակչության հանգստի անվճար և արդյունավետ կազմակերպումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել և ծանոթացել է լողափերի տարածքում իրականացված աշխատանքներին, զրուցել հանրային լողափում մաքրման աշխատանքներ իրականացնող «Միասին» շարժման մասնակիցների հետ:

Երկրի ղեկավարն աշխատանքային քննարկում է անցկացրել Սևանա լճի բնապահպանական հարցերի պատասխանատուների հետ, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել են լճի պահպանման, վերականգնման, բնականոն զարգացման և օգտագործման ուղղությամբ կատարված աշխատանքների ու առաջիկա միջոցառումների մասին, այդ թվում` անդրադարձել են լճի մակարդակի բարձրացման հետ կապված` անշարժ գույքի ապամոնտաժման, անտառմաքրման և ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքների ընթացքին:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է «Սևան» ազգային պարկի խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները:

Նախագահի կողմից նոր հանձնարարականներ են տրվել` կապված Սևանա լճի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման, անշարժ գույքի ապամոնտաժման և տեղափոխման նոր ժամանակացույցի կազմման հետ:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարզպետ Նվեր Պողոսյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները: