կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-22 00:44
Աշխարհ

Այց` բարդ իրավիճակներով լի երկիր

Այց` բարդ իրավիճակներով լի երկիր

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչները ժամանելու են Խարտում` Սուդանի ղեկավարության հետ քննարկելու Դարֆուր տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը, նաեւ երկրի հյուսիսի եւ հարավի հարաբերությունները նորանկախ Հարավային Սուդանի ստեղծման նախաշեմին. տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:

ՄԱԿ-ի առաքելությունը Խարտում է ժամանելու Ադիս Աբեբայից, որտեղ հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության խաղաղության եւ անվտանգության խորհրդի անդամների հետ: Սպասվում է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները կայցելեն Աբյեյ սահմանամերձ շրջանը, որտեղ, ապրիլից սկսած, իրադրությունը լարված է. երեկ ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման հետեւանքով Աբյեյում 2 մարդ է վիրավորվել:

Հանդիպում է նախատեսված նաեւ Հարավի ներկայացուցիչների հետ, որտեղ մի քանի ամիս առաջ անկախության հանրաքվե էր անցկացվել: Հուլիսի 9-ից Հարավային Սուդանը անկախ պետություն կդառնա, սակայն, ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի, մինչ օրս չեն լուծվել մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ են Սուդանի խաղաղ բաժանման համար:

Սուդանի արեւմուտքում գտնվող Դարֆուր տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են դեռեւս 2003-ի փետրվարից: Կառավարական զորքերին եւ նրանց կողմնակիցներին դիմակայում են բազմաթիվ խմբավորումներ, որոնց նպատակը նախագահ Օմար ալ Բաշիրի վարչակարգը տապալելն է: ՄԱԿ-ի տվյալներով` հակամարտության հետեւանքով Դարֆուրում զոհվել է ավելի քան 300 հազար մարդ, ըստ տեղական իշխանությունների` մոտ 10 հազար: