Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ է: Այդ ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն առանձնացան ոչ միայն կրակային խոցման ինտենսիվությամբ, այլև կիրառված զինատեսակների բազմազանությամբ: Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ 1300 կրակոց:
Հակառակորդի նախահարձակ գործողությունները հատկապես առավել ընդգծված բնույթ են կրել մարտի 20-ին և 21-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 110 անգամ, որից շուրջ 50-ը СВД, իսկ 40-ը` «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններից:
Զավեշտական է, որ այսքանից հետո Ադրբեջանի պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչամեքենան, իր սովորության համաձայն, փորձում է առաջնային գծում հաստատված լարվածությունը պայմանավորել ոչ թե ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցմամբ, այլ Պաշտպանության բանակի նախահարձակ գործողություններով:
Թերևս դրա ամենաթարմ օրինակը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից մարտի 23-ին տարածած ապատեղեկատվությունն է, որում ասվում է, թե իբր «հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր, 1986թ. ծնված Սամիր Հիդայաթ օղլու Աղաևը...»:
Իսկ դրանից ընդամենը մեկ օր անց մարտի 24-ին, չգիտես ինչու, այս անգամ բավականին ուշացումով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց ևս մեկ զինվորի` Էլնուր Մամեդովի զոհվելու մասին ԶԼՄ-ների կողմից տարածած լուրը, որն իբր տեղի է ունեցել մարտի 21-ին` ժամը 19:20-ին, Թարթառի ուղղության դիրքերից մեկում:
Անդրադառնալով այս տեղեկություններին ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը դրանք որակեց որպես ադրբեջանական պրոպոգանդայի հերթական հերյուրանք:
ԼՂՀ զինված ուժերը, ինչպես նախորդ բոլոր շրջաններում, այնպես էլ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, շարունակում են հարգել հակամարտ կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդման շուրջ մարտի 5-ին ձեռք բերված պայմանավորվածությունը. լրատվամիջոցներին տված իր պարզաբանումն այսպես է ձևակերպել ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Ս. Հասրաթյանը:
«Ադրբեջանն, իր սովորության համաձայն, փորձում է սեփական զինուժում` միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցող մահվան ելքով յուրաքանչյուր միջադեպ, այդ թվում նաև` մարտի 21-ի և 23-ի դեպքերը, վերագրել ղարաբաղյան կողմին, դրանով իսկ հետապնդելով երկու նպատակ. նախ` սեփական ժողովրդից թաքցնել իր բարոյալքված բանակում տիրող իրական վիճակը, երկրորդ` միջազգային հանրության տեսադաշտում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում:
Մինչդեռ, եթե պաշտոնական Բաքուն իրականում մտահոգված է իր դիրքապահ զինվորների ճակատագրով և այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր մահվան դեպք շտապում է ներկայացնել որպես հրադադարի խախտման հետևանք, ապա հարց է ծագում` ինչո՞ւ ադրբեջանական կողմը ոչ միայն հրաժարվում է կատարել առաջնային գծից դիպուկահարների դուրս բերման մասին` միջազգային համապատասխան կառույցների կողմից արվող առաջարկությունը, այլև պարբերաբար խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում նախատեսվող դիտարկումների անցկացման պայմանավորվածությունը:
Բոլորի համար ակնհայտ է նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմերը, որպես բարի կամքի դրսևորում, ոչ միայն իրենց պատրաստակամությունն են հայտնել և հայտնում վերոնշյալ գործընթացները կյանքի կոչելու համար, այլև այսօր էլ շարունակում են ձեռնպահ մնալ շփման գծում լարվածությունն ուժեղացնելու ցանկացած փորձից: Այս ամենից հետո մնում է եզրակացնել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված լարվածությունը Ադրբեջանի կողմից պարբերաբար և հետևողականորեն իրականացվող ապակառուցողական քաղաքականության արդյունք է: Հանգամանք, որն առաջին հերթին պետք է մտահոգի հենց Ադրբեջանի հասարակությանը»,- հայտարարել է Ս. Հասրաթյանը: