|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Փետրվարի 28-ին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը զեկույցով հանդես է եկել ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը` նվիրված Արցախյան հիմնախնդրին:
Գեորգի Պետրոսյանը ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միաժամանակ նա ընդգծել է հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը:
Ըստ նախարար` միջազգային հանրությունը պետք է ավելի խիստ վերաբերվի Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին, որոնք էապես խաթարում են խաղաղ բանակցային գործընթացը:
Ելույթից հետո Գեորգի Պետրոսյանը պատասխանել է ներկաների` ԱՄՆ տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետների հարցերին:
Այնուհետև ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահող Ֆրենկ Փալոնի հետ: Գեորգի Պետրոսյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականին` Արցախին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Նույն օրը երեկոյան նախարարը ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում` Սումգայիթի եւ Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Իր խոսքում ԼՂՀ արտգործնախարարն ընդգծել է, որ համայն հայությունը միջազգային հանրությունից ակնկալում է Սումգայիթի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ոճրագործությունների խստագույն դատապարտում:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Աննա Էշուն, Էլիոթ Էնգելը, Ջեկի Սփիյեռն ու Բրեդ Շերմանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և ուրիշներ: Ելույթ ունեցողները դատապարտել են Սումգայիթում հայ ազգաբնակչության դեմ կազմակերպված կոտորածները և պատրաստակամություն են հայտնել շարունակել Ղարաբաղյան խնդրի արդար կարգավորմանն ուղղված ջանքերը. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: