կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-17 09:29
Քաղաքական

Հանգուցալուծվեց

Հանգուցալուծվեց

Քաղաքական կոալիցիայի հայտարարությունը

 

Արդեն երեք տարի է ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:

 

Քաղաքական կոալիցիան ձևավորվեց մեր երկրի համար դժվարին պայմաններում: Կոալիցիայի ձևավորումը, նրա նպատակների իրագործման համար կողմերի կամքի ու վճռականության հայտարարումն ու իշխանության գործունեության հավաքական պատասխանատվության ստանձնումը լուրջ դեր ունեցան երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու համար:

 

Դա նման կարևոր գործոն դարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, այդ թվում ` հարավօսական իրադարձությունների և աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սոցիալական լուրջ անկումներ թույլ չտալու գործում:

 

Քաղաքական կոալիցիան վերստին կարևորում է հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:

 

Քաղաքական կոալիցիան հայտարարում է հետճգնաժամային Հայաստանի առաջընթաց զարգացմանն ու մեր հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված առավել համարձակ քայլերի իրականացման վճռականության մասին` առանձնացնելով կոալիցիայի, կաշառակերության դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման գերակայությունը:

 

Քաղաքական կոալիցիան ընդգծում է միասնականության կարևորությունն այս գործընթացում և վերահաստատում իր քաղաքական պատասխանատվությունն այդ փոփոխությունների համար:

 

Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:

 

Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին:

 

Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

 

«Օրինաց երկիր» կուսակցություն