կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-18 14:40
Առանց Կատեգորիա

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հայտարարությունը

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հայտարարությունը

Երեկ տեղեկացրել էինք, որ Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի սրահում կայացած «Թբիլիսիսիի հայ համայնքի խնդիրները և հեռանկարները» թեմայով խորհրդաժողովում Վրաստանի վերինտեգրման փոխնախարար Էլենե Թևդորաձեն հայտարարել էր, թե Վրաստանում Հայ Առաքելական սուրբ եկեղեցին սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, և Վրաստանը որևէ կարգավիճակ չի տալու և չի գրանցելու Վիրահայոց թեմը: Այդ կապակցությամբ Վիրահայոց թեմի մամլո դիվանը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

 

 

«Փոխնախարարի հայտարարությունը մտահոգիչ և անհասկանալի է հայ համայնքի համար, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ նույն պետական նախարարության ղեկավարությունը, նախարար Թեմուր Իակոբաշվիլու գլխավորությամբ, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչների, այդ թվում նաև Վիրահայոց թեմի առաջնորդ տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, և հավաստիացրել են, որ իրենց առաջարկով փոփոխություն է կատարվելու քաղաքացիական օրենսդրության մեջ, ավանդական կրոնական համայնքներին Վրաստանում տրվելու է հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ:

 

 

Տիկին Էլենե Թևդորաձեի նման կեցվածքը չի բխում ինչպես Վրաստանի ժողովրդավարական քաղաքականության սկզբունքներից, քանի որ ոտնահարում է մարդու կրոնական իրավունքները և հարյուրամյակներ Վրաստանում գործող ինչպես հայ, այնպես էլ այլ կրոնական ավանդական համայնքների արժանապատվությունը, այնպես էլ Վրաց Ուղղափառ եկեղեցու հովվապետ Նորին սրբություն Իլիա Բ պատրիարքի պաշտոնական դիրքորոշմանը, որը կողմ է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու և մյուս ավանդական կրոնական համայնքներին հանրային իրավաբանական սուբյեկտի կարգավիճակ տալուն:

 

 

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին գործել է 4-րդ դարի 1-ին կեսից ի վեր, երբ Վրաստանում քրիստոնեությունը ընդունվեց պետական կրոն:

 

 

Այդ շրջանից ի վեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը եղել և գործել է Վրաստանի բոլոր ժամանակների օրենսդրության համաձայն, ինչպես վրաց թագավորների, այնպես էլ ցարական տիրապետության ժամանակաշրջանում և խորհրդային տարիներին:

 

 

Ցավալի է, որ անկախությունից անցել է 20 տարի, սակայն դեռևս չեն լուծվում կրոնական համայնքների կարգավիճակի և այսպես կոչված՝ վիճահարույց հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցերը:

 

 

Ցանկալի կլիներ, որ տիկին Թևդորաձեն մտահոգվեր Վրաստանում պատմամշակութային կոթողների վթարային վիճակով և հայկական եկեղեցիները համայնքին վերադարձնելու հիմնախնդիրներով»,- ասված է Հայ Առաքելական եկեղեցու Վրահայոց թեմի տարածած հայտարարության մեջ: