կարևոր
295 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-14 13:46
Քաղաքական Հասարակություն

Միջպետական դատական գործընթացներից հրաժարումը կարող է զրկել տուժած հայերին միջազգային արդարադատությունից․ Սիրանուշ Սահակյան

Միջպետական դատական գործընթացներից հրաժարումը կարող է զրկել տուժած հայերին միջազգային արդարադատությունից․ Սիրանուշ Սահակյան

Միջպետական դատական գործընթացներից պետությունների հրաժարումը կարող է տուժած հայերին զրկել Ադրբեջանի հանցագործություններին վերաբերող գործերով լիարժեք միջազգային արդարադատության հասնելու հնարավորությունից։ Թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացվող անհատական գանգատները թույլ են տալիս հետամուտ լինել կոնկրետ խախտումների համար պատասխանատվության ապահովմանը, դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել միջպետական դատավարություններին։

Այս մասին նոյեմբերի 14-ին հայտարարել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ «Ձայներ ընդդեմ մոռացության․ զանգվածային հանցագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով 5-րդ ամենամյա համաժողովի ժամանակ։

Սահակյանի դիտարկմամբ՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հումանիտար հետևանքների քննարկումից անցում է կատարվում զուտ քաղաքական օրակարգի։ Դա լուրջ վտանգ է ստեղծում, որ տուժած անձանց իրավունքները կարող են դառնալ պետությունների միջև սակարկությունների առարկա։

Իրավապաշտպանը շեշտել է, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է իրականացվի մարդու իրավունքների և միջազգային արդարադատության հաշվին։ Նա նաև անդրադարձել է միջազգային իրավական կառույցների գործունեությանը քաղաքական միջամտության և այդ կառույցները լուսանցք մղելու խնդրին։ Սահակյանի խոսքով՝ արդարության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող անկախությունը միաժամանակ այդ կառույցները խոցելի է դարձնում քաղաքական ճնշումների նկատմամբ։

Սահակյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։ Նրա խոսքով՝ ապացուցվել է Թալիշում հայ զինծառայողի նկատմամբ կատարված հանցագործությունը․ զինվորին գլխատել են, կենդանության օրոք կտրել ձեռքերը, իսկ նրա գլուխը ցուցադրել որպես ավար ու լուսանկարվել դրա հետ։

Սահակյանն ընդգծել է, որ նման հանցագործություններն իրագործողներն իրենց արարքներն ընկալում էին որպես հերոսացման առիթ, քանի որ չէին վախենում միջազգային պատժից։