|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետրոս Պարոնյանը, ով առաջինը ժամանակակից ծովային աստղագիտությունն ու քարտեզագրական մաթեմատիկան բերեց Օսմանյան կայսրություն, այս հաջողությունից անմիջապես հետո պալատի պատվերով պատրաստեց «Ռուբ-ը շեմսի» կամ «Ռուբ-ը մյուսթեդիր» (շրջանաձև քառորդ) անվամբ նորարարական գործիք, որը մինչ օրս քննարկվում է գիտության պատմաբանների կողմից։ Այն տարրը, որը Պարոնյանի Քիբլայի կողմնացույցը հասցրեց ժամանակի ամենաառաջադեմ տեխնոլոգիական մակարդակի, Քիբլան ցույց տվող կողմնացույցն էր, որն ստեղծվել էր Ստամբուլի ամենահմուտ հայ պղնձափորագրության վարպետ Մկրտիչ Գալաթավիի հետ նրա համագործակցության արդյունքում։
Իրա Ցուրու
Ստամբուլի սրտում, դիվանագիտության և գիտության միջև նավարկող մարդ՝ Հոլանդիայի դեսպանատան թարգմանիչ (դրագոման) և աշխարհագրության հանճար Պետրոս Պարոնյանը, Օսմանյան արքունիքում իր պաշտոնական տիտղոսով հայտնի էր որպես Բարուն ալ-Մուխտարի, որը նշանակում է «Գյուտարար պարոն»։ Նրա քիբլայի կողմնացույցը, որը նախագծվել է 1738 թ․, ոչ միայն աղոթքի ուղղությունը ճշգրիտ որոշող սարք էր, այլև անապատում Հաջի քարավանների համար տեղադրված շարժական միհրաբ՝ օսմանյան գեղագիտության գագաթնակետը։ Ինչպես Ասատուր Սարաֆյանը, որը երկու դար անց հայտնվեց նույն Կայսերի շրջանից և Ամերիկայում «Օսկար Բենքեր» անվամբ ավելի քան 300 արտոնագիր ստացավ՝ հորինելով ավտոմատ փոխանցման տուփը և մասսայաբար արտադրվող պատվաստանյութի ներարկիչը, Պարոնյանը այս տարածաշրջանին բնորոշ հանճարեղության այդ հին և անժամանակ շղթայի ամենափայլուն օղակներից մեկն է։

31 սանտիմետր տրամագծով փայտե սարք, Բարոնյանի գյուտը. քիբլայի ցուցիչ
Այժմ Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանում, 157 A-B գույքագրման համարի ներքո, այս 31 սանտիմետր տրամագծով փայտե սարքը պատմում է մի հանճարի մասին, որը հաղթահարեց սպասումները և երկու տարբեր աշխարհների հիանալի հատման կետը: Այս քիբլայի ցուցիչը, որն ստեղծվել է կեսարացի հայ գյուտարար Պետրոս Պարոնյանի կողմից, ով ապրել է 18-րդ դարի օսմանյան Ստամբուլում և հաջողությամբ ծառայել է Հոլանդիայի դեսպանատանը, և որի օսմանյան պաշտոնական տիտղոսը Բարուն ալ-Մուխտարի էր, ամենաակնհայտ ապացույցն է, որ հավատքն ու ճարտարագիտությունը, արևելյան և արևմտյան գեղագիտությունը կարող են համակեցության մեջ լինել:

Դեսպանատների միջանցքներից մինչև մեծ վեզիրի ներկայությունը
Պետրոս Պարոնյանը արքունիքի մտավորական էր, որը ծառայել է որպես դրագոման (գլխավոր թարգմանիչ) Հոլանդիայի և Երկու Սիցիլիաների թագավորության դեսպանատներում այդ ժամանակվա կոսմոպոլիտ Ստամբուլում և վայելել է մեծ հեղինակություն պետության ամենաբարձր մակարդակներում: Պարոնյանը, որը խորը հետաքրքրություն ուներ աշխարհագրության, ինչպես նաև լեզվաբանության նկատմամբ, Իբրահիմ Մյութեֆերրիկայի 1732 թ․ հայտնի «Ջիհաննումա» հրատարակության մեծ ազդեցությունից անմիջապես հետո, կայծակնային արագությամբ, գրեթե ժամանակի դեմ մրցելով, ձեռնամուխ եղավ մի հսկայական գիտական աշխատանքի: Այս հանճարը, որը ռեկորդային ժամանակում ֆրանսիացի աշխարհագրագետ Ժակ Ռոբի՝ Փարիզում հրատարակված աշխատանքը թարգմանեց օսմաներեն, հաջորդ տարի՝ 1733 թ․, մեծ վեզիր Ալի փաշային նվիրեց այս համապարփակ աշխարհագրության գիրքը, որն այժմ պահվում է Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գրադարանում, և պալատից մեծ դրամաշնորհ ստացավ:
Պարոնյանի թարգմանությունը՝ «Ջեմ-նումա ֆի Ֆեննի’լ-Ջոգրաֆյա» վերնագրով, կայսրություն բերեց բոլորովին նոր գիտական տեղեկատվություն եվրոպական մաթեմատիկայի, ֆիզիկական աշխարհագրության և ծովային աստղագիտության ոլորտներում, տեղեկատվություն, որը նախկինում երբեք չէր հանդիպել թուրքական գրականության մեջ: Այս աշխատանքում Պարոնյանը ոչ միայն պարզ թարգմանություն էր տրամադրում, այլև տեխնիկական քննարկումներ էր ավելացնում քարտեզագրության և պրոյեկցիոն մաթեմատիկայի վերաբերյալ: Նա նույնիսկ գրքում ներառեց Միջերկրական ծովի քարտեզ, որն ինքն էր նկարել՝ հաշվարկելով դրա մասշտաբը և օգտագործելով իսլամական, ֆրանսիական և իտալական ֆարսախների (չափման միավորներ) համադրությունը: Պարոնյանը, ով առաջին անգամ ժամանակակից ծովային աստղագիտությունն ու քարտեզագրական մաթեմատիկան բերեց Օսմանյան կայսրություն, այս հաջողությունից անմիջապես հետո, պալատի պատվերով պատրաստեց մի նորարարական գործիք՝ «Ռուբ-ը շեմսի» կամ «Ռուբ-ը մյուսթեդիր» (շրջանաձև քառորդ), որը մինչ օրս քննարկվում է գիտության պատմաբանների կողմից: Ավանդական քառորդային աղյուսակներից տարբերվող այս գործիքը, որը ներառում էր նաև խավարածրի պրոյեկցիան, հատուկ նախագծված էր Արեգակի շարժումներն ուսումնասիրելու և ժամանակի ճշգրիտ չափումներ կատարելու համար: Իր տեխնիկական հանճարեղության համար հիացմունքի արժանացած գյուտարարը 1738 թ․ ընդունվեց Օսմանյան մեծ վեզիր Մեհմեթ փաշայի կողմից՝ Ռեյսուլքյութթաբ Մուստաֆա էֆենդիի միջնորդությամբ: Այն փաստը, որ ոչ մուսուլման գյուտարարի կողմից իսլամական աշխարհի համար ստեղծված աշխատանքը անձամբ ընդունվեց և պատվի արժանացավ Օսմանյան մեծ վեզիրի կողմից, Պարոնյանի արքունիքում բարձր դիրքի ամենացայտուն վկայությունն էր:

Պարոնյանի և Մկրտիչ Գալաթավիի համագործակցությունը
Պարոնյանի քիբլայի կողմնացույցը ժամանակի ամենաառաջադեմ տեխնոլոգիական մակարդակին հասցրած տարրը նրա համագործակցությունն էր Ստամբուլի ամենահմուտ արհեստավորների հետ: Մինչ Պետրոս Պարոնյանը պատրաստում էր այս սարքերի տպագրական թիթեղները և պղնձե փորագրությունները, նա համագործակցում էր ժամանակի լեգենդար հայ պղնձի փորագրության վարպետ Մկրտիչ Գալաթավիի հետ, որը փորագրել էր Իբրահիմ Մութեֆերիկայի հրատարակած հայտնի Ջիհանումայի քարտեզները:
Երկու հայ հանճարների համագործակցությամբ տպագրված այս ճշգրիտ թիթեղները համակցվել էին սարքի վրա տեղադրված մոտ 400 քաղաքների աշխարհի քարտեզի և ինդեքսի հետ: Թեև այդ ժամանակ աղոթքի ուղղությունը գտնելու համար անհրաժեշտ էին առաջադեմ աստղագիտական հաշվարկներ, Պարոնյանը լիովին վերացրեց այս դժվար խնդիրը: Երբ օգտագործողն ընտրում էր իր քաղաքի համարը և մուտքագրում այն սարքի մեջ, կողմնացույցի սլաքը վայրկյանների ընթացքում ճշգրիտ ցույց էր տալիս Մեքքայի Քաաբայի ուղղությունը:
«Փոխադրվող միհրաբ» անապատային ճանապարհներին
Սարքի ամենացայտուն առանձնահատկությունը, որը մտավ համաշխարհային պատմության մեջ, այն էր, որ այն նախատեսված էր ոչ միայն որպես կողմնացույց, այլև որպես «փոխադրվող միհրաբ»: Այս գործառույթը, որը կենսական նշանակություն ուներ հատկապես անապատը Հաջի քարավաններով հատող ճանապարհորդների համար, ներառում էր Քիբլայի ուղղության որոշումը կողմնացույցի միջոցով: Այնուհետև սարքի կափարիչը բացվում էր ամբողջությամբ ուղղահայաց և տեղադրվում էր հավաքվածների առջև: Կափարիչի ներսում գտնվող Քաաբայի պատկերը համարվում էր միհրաբի խորշ, որը թույլ էր տալիս դրա հետևում գտնվող քարավանում ընդգրկված հարյուրավոր մարդկանց՝ շարքեր կազմել և աղոթել անապատում: Արտաքին պայմանների մաշվածության պատճառով մինչ օրս ամբողջ աշխարհում պահպանվել են այս վահանակային տիպի Քիբլայի ցուցիչների միայն 12 օրինակ: Այս հազվագյուտ շարքի առաջին բնօրինակ նմուշը, որը թվագրվում է 1738 թ․ և պահպանվում է Իտալիայի Սան Մարկո հրապարակի Museo Correr-ում, իսկական արվեստի գործ է, որն ստեղծվել է ներկված փայտե շրջանակի վրա ձգված թղթի վրա թանաքով և տեմպերայով (ձվի ներկ): Սերիայի այլ հազվագյուտ օրինակներ այժմ պահպանվում են աշխարհի խոշոր թանգարաններում և գրադարաններում՝ Ստամբուլում, Կահիրեում, Դուբլինում, Երուսաղեմում և Ստոկհոլմում:

Դրախտը շապիկին և թուրքական ռոկոկոն դրսից
Այսօր Սուլթանահմեթի թանգարանում ցուցադրվող կլոր գլուխգործոցը մարմնավորում է այդ ժամանակաշրջանի երկու տարբեր գեղագիտական աշխարհներ: Այս հազվագյուտ ստեղծագործությունը, որը թանգարան է բերվել Իզմիրի Հիսար մզկիթից 1951 թ․, ներքին շապիկի վրա պատկերում է Ալ-Հարամ մզկիթը, դրա մինարեթները և Քաաբան, որը զարդարված է ավանդական Էդիրնեքարի լաքապատ տեխնիկայով: Երկու կողմերում գտնվող արմավենիներն ու նռան ծառերը խորհրդանշում են առատություն և անմահություն, մինչդեռ ոսկե ֆոնի վրա վարդի բողբոջները օսմանյան արվեստում մարգարե Մուհամմադը խորհրդանշող ամենաէլեգանտ մոտիվն են: Ի տարբերություն դրա, սարքի արտաքին շապիկը արտացոլում է օսմանյան աշխարհում արևմտականացման ազդեցությունը: Ականթի տերևներով (հայտնի է որպես «արջի թաթ») զարդարված ծաղկամանները ոսկե ֆոնի վրա թուրքական ռոկոկոյի իսկական տոն են: Շապիկի վրա տեղադրված 6 օվալաձև մեդալիոնների ներսում այդ ժամանակաշրջանի առանձնատների և պալատների պատերին երևացող անդեմ լճի և գյուղական բնապատկերները պատկերված են զարմանալի խորությամբ հեռանկարով: 1738 թ․ թվագրվող այս կողմնացույցը շարունակում է ապացուցել, որ գիտությունը, արվեստը և հավատքը կարող են միաձուլվել ընդհանուր հալման կաթսայի մեջ: Եթե պատահաբար գտնվեք Սուլթանահմեթում, մի մոռացեք այցելել այս անժամանակ կողմնացույցը, որը գովաբանում է մարդկության ընդհանուր հանճարն ու հանդուրժողականությունը: Սակայն, ցավոք, թանգարանի ցուցադրության տեղեկատվական պիտակի վրա չկա այս մեծ հանճարի անունը: Պետրոս Պարոնյանի անունը, որին հիացնում են ամբողջ իսլամական աշխարհում, առայժմ լուռ սպասում է իր սեփական տան այս ցուցադրությունում:
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը