|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն Անթիլիասի Մայրավանքում ընդունել է «Փրօ Օրիենթէ» հիմնարկի նախագահ դոկտ. Քլեմենս Քոյին և ծրագրերի տնօրեն դոկտ. Վիոլա Ռահէպին։ Հանդիպմանը ներկա էր նաև Կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժանմունքի պատասխանատուներից Հոգշ. Տ. Մովսէս աբղ. Եոսուլքանյանը։
«Փրօ Օրիենթէ»-ն Վիեննայում հաստատված միջեկեղեցական կաթոլիկ հիմնարկ է, որը հատկապես Արևելքի և Միջին Արևելքի եկեղեցիներին առնչվող աստվածաբանական երկխոսություններ ու միջեկեղեցական գործակցության ծրագրեր է մշակում և իրագործում։
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետը 1975-1980 թվականներին գործուն մասնակցություն է բերել հիշյալ հիմնարկի կազմակերպած համագումարներին և աստվածաբանական երկխոսություններին՝ դասախոսություններ ներկայացնելով աստվածաբանական զանազան հարցերի շուրջ։
Հանդիպումն առիթ հանդիսացավ, որ «Փրօ Օրիենթէ»-ի պատասխանատուները Նորին Սրբությանը ներկայացնեն հիմնարկի ներկա աշխատանքներն ու ապագայի ծրագրերը։
Հայրապետն իր տեսակետները հայտնեց միջեկեղեցական հարաբերությունների այժմյան կացության մասին և, ընդառաջելով հիմնարկի պատասխանատուների ցանկությանը, իր թելադրությունները կատարեց դրա ապագայի ծրագրերի առնչությամբ։