|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ 468-Լ՝ «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ։
Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում օգոստոսի 31-ի դրությամբ տրամադրվել է մոտ 44,04 մլրդ դրամի 24729 միավոր վարկ։ Ծրագրի գործողության ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված՝ առաջացել է դրա իրականացման ժամկետի փոփոխության անհրաժեշտություն։ Մասնավորապես, ծրագրով սահմանված 2026-2027 թվականների փոխարեն առաջարկվում է այն իրականացնել միայն 2026 թվականին։
Միաժամանակ, ծրագրի գործողության ժամկետի հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման վերջնաժամկետը։ Այդ նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագիրը պետք է կնքվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ծրագրի իրականացման ժամկետը սահմանել 2026 թվականը։ Միաժամանակ հստակեցվում է ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման ժամկետը՝ այն սահմանելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Նշվում է, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված է ինտենսիվացմանը, պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և թվային գյուղատնտեսության զարգացմանը։
Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսում։