|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իշխանությունները, նրանց սպասարկող շրջանակներն արդեն առանց ավելորդ ձևականությունների թիրախավորում են լրագրողներին, մամուլը վաղուց իշխանության համար բաժանված է յուրայինների և օտարների․ «Հայաստանի ժուռնալիստների միության» նախաձեռնած՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նա ընդգծեց, որ մամուլի դեմ արշավը մի քանի հարթությունում է տեղի ունենում․ օրենսդրական, իրավական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, իսկ հանրային տրամադրություններում, սոցիալական մեդիայում և այլ հարթակներում մամուլի նկատմամբ թշնամանք է գեներացվում։
«Տպավորություն է ստեղծվում, որ մամուլը, ազատ խոսքն առաջիկայում կարող են հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը՝ իրագործել իր սիրած «պողպատյա մանդատը»», - ասաց ՀԺՄ նախագահը։
Նրա խոսքով՝ մամուլի հետ կապված այս իրավիճակը միայն ԶԼՄ-ներին չի վերաբերում։
«Իրականում սա բացառապես քաղաքական և հասարակական խնդիր է և արտացոլում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ իշխանության վերաբերմունքը։ Սրա խորքային պատճառն այն է, որ Հայաստանում հաստատվել է և խորանում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են», - ընդգծեց Սեյրանյանը։
Նա մամուլի դեմ ուղղված իշխանության քաղաքականության դեմ պայքարում լրագրողների և ԶԼՄ-ների առաջին դաշնակիցը համարեց քաղաքացիներին՝ շեշտելով, որ մամուլի դեմ սանձազերծված արշավն իրականում ուղղված է քաղաքացիների՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացման դեմ։