|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի` Երեւանի Էրեբունի վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ չհնչեցին հարցեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ, հարցեր, որոնք պարտադիր հնչում են Սերժ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում: Էրեբունցիներին հետաքրքրում էին ամենատարբեր հարցեր, բայց ոչ վերոհիշյալ երկուսը:
Օրինակ` մի երիտասարդի հետաքրքրում էր ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերի եւ տեսախցիկների հարցը: Դրանք այնքան էին նյարդայնացրել երիտասարդին, որ նա հարցը տալիս մի քանի անգամ հուզվեց եւ չէր կարողանում ձեւակերպել սեփական մտքերը:
Օգնության հասավ նախագահը: «Ասա, ասա, ռուսերեն ասա կամ բարբառով, ի՞նչ ես ուզում ասես, ասա, հանգիստ ասա»,-երիտասարդին հանդարտեցրեց նախագահը:
Դրանից ոգեւորված` երիտասարդը վերջապես հարցրեց. «Հնարավոր չէ՞ տեսախցիկները տեղադրել միայն ինտենսիվ երթեւեկություն ունեցող վայրերում»:
Նախագահի պատասխանը շատ կարճ էր` ոչ: Նա հայտարարեց որ ամբողջ Երեւանում են տեղադրելու տեսախցիկներ: Ավելին, ըստ նախագահի, բազամաթիվ հանցագործություններ են բացահայտվում հենց այդ տեսախցիկների միջոցով: «Այդ թվում` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված հանցագործության բացահայտմանն օժանդակեցին այդ տեսախցիկները»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի պատասխանից ակնհայտորեն դժգոհ մնացած երիտասարդն էլ հակադարձեց` ասելով, որ այդ տեսախցիկների առկայությունից վարորդները լարվում են:
«Ոչինչ, կլարվեն, կլարվեն, հետո կթուլանան»,- հանգստացրեց նախագահը: