Միասին կարող ենք
կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-24 09:37
Քաղաքական

ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջին օրերին, ինչպես հայտնի է, խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողականը, եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ գալիս ու հաշվետվություն են ներկայացնում օրենսդիրներին։ Որքան էլ զարմանալի է, բայց երեկ տոտալ բոյկոտի մթնոլորտում են անցել արտաքին գործերի նախարարության մասին քննարկումները, այն պարագայում, երբ ՔՊ-ականներն իրենց քարոզչական գլխավոր թեզն են հռչակել խաղաղությունը, թե իբր այնպիսի հաջողակ արտաքին քաղաքականություն են վարում, որ կայուն եւ անշրջելի խաղաղություն են հաստատել։ Իհարկե` այդ խաղաղությունը գործում է միայն ՔՊ-ի իշխանության շրջանակներում:

Երեկ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաշվետվությանը, բառի բուն իմաստով, 3 ՔՊ-ական պատգամավոր էր մասնակցում, այն դեպքում, երբ նախկինում անգամ այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող ՔՊ-ականներն էին ներկա լինում։ Գուցե այսկերպ փորձում են ցույց տալ, որ Արարատ Միրզոյա՞նը չէ խաղաղության կնքահայրը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն փաստն այն է, որ Միրզոյանը ստիպված եղավ սպասել, որ նվազագույն թվով պատգամավորները ներկա գտնվեն` քվորում լինի, ու նոր նիստը սկսեն։

Ի դեպ, նիստը վարող Մարիա Կարապետյանին լրագրողները հետ պահեցին կանոնակարգ-օրենքը խախտելու գայթակղությունից․ նա ուզում էր նիստը սկսել առանց քվորումի, բայց դիտողությունից հետո սպասեց` մինչեւ ներկայանան: Իսկ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստը սկսեց առանց քվորումի․ ներկա էին նա, Սոնա Ղազարյանը եւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Միայն նիստը սկսելուց հետո քննարկմանն ուշացումով ներկայացան «Հայաստան» դաշինքից Արմեն Գեւորգյանը եւ ՔՊ-ական Տաթեւիկ Գասպարյանը։