Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Հայաստանի Հանրապետությունը 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, ընդգծելով, որ սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի շարք որոշումներ։
Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։
Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը:
Հայաստանը, Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր, հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։ Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ։