կարևոր
670 դիտում, 16 ժամ առաջ - 2025-02-06 10:10
Տնտեսական

Ի՞նչ կառուցվածք ունի խոշոր հարկատուների լավագույն հիսնյակը, և ի՞նչ եզրակացությունների տեղիք է այն տալիս. «Փաստ»

Ի՞նչ կառուցվածք ունի խոշոր հարկատուների լավագույն հիսնյակը, և ի՞նչ եզրակացությունների տեղիք է այն տալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը հրապարակվում է ՊԵԿ-ի կողմից, էական պատկերացում է տալիս երկրի տնտեսության կառուցվածքի, շարժերի ու փոփոխությունների մասին: Ի՞նչ պատկեր ունի այդ ցանկը 2024 թվականի տվյալներով: Այս անգամ վերլուծել ենք առաջատար հիսնյակը: Նախ՝ պետք է նշել, որ այստեղ մեծ թիվ են կազմում տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները: Ավելին, նրանցից երկուսը, որոնք զբաղվում են հեռախոսների ու այլ տեխնիկայի ներմուծմամբ ու վաճառքով, առաջին հնգյակում են: Խոսքը «Մոբայլ սենթրի» ու «Փրիթի ուեյի» մասին է:

Հիսնյակում միանգամից ութ բանկ է: Առաջինը «Ամերիաբանկն» է, որը 7-րդ հորիզոնականում է, նրան հաջորդում են «Ակբա բանկը» և «Ինեկոբանկը», ապա հաջորդաբար՝ «Յունիբանկը», «Կոնվերս բանկը», «Արդշինբանկը», «ԱյԴի բանկը», «Արարատբանկը»: Ի դեպ, բանկերը, որպես կանոն, 2023 թվականի համեմատ պահպանել են իրենց դիրքերը, մասնակի բացառություններով:

Կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան», ոչ միայն հիսնյակում են, այլև տեղ են զբաղեցրել լավագույն երեսուն հարկատուների ցանկում:

Ինչ վերաբերում է արտադրողներին, ապա առաջին հիսնյակում ընդամենը ութ ընկերություն է: Ընդ որում, ինչպես միշտ, այս անգամ էլ չենք ներառել հանքարդյունաբերության կազմակերպություններին, որոնք հիսնյակում երեքն են, իսկ ոլորտի առաջատարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ընդհանրապես խոշոր հարկատուների անփոփոխ առաջատարն է տարիներ շարունակ:

Արտադրողների մեջ առաջատարը «Գրանդ տոբակոն» է (3-րդ հորիզոնական), որին հետևում են «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը», «Կոկա կոլան», «Սիգարոնը» և «Աթենքը»: Ընդ որում, այս ոլորտում 2023 թվականի համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել են մսամթերքի ոլորտի առաջատար «Աթենք» ընկերությունը, որը բարձրացել է 30 հորիզոնականով, և ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոն» ընկերությունը, որը բարձրացել է 29 հորիզոնականով:

Որպես ամփոփում նշենք, որ լավագույն հիսնյակում են նաև երեք «կոմունալ» կազմակերպությունները՝ «Գազպրոմ Արմենիան», Հայաստանի էլեկտրական ցանցերը և «Վեոլիա ջուրը»: