Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում պահպանվել են, զարգացել ու ամրապնդվել։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ավանդական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ անդրադառնալով տարվա ընթացքում արված աշխատանքներին ու նախանշելով անելիքները։
Դեսպանի խոսքով՝ չնայած մարտահրավերներին և դժվարություններին՝ հետևողականորեն աշխատանք է տարվել, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ հաղթահարեն ամրության փորձությունները։ Երկու երկրները պահպանել են քաղաքական երկխոսությունը ամենաբարձր մակարդակով։ Շարունակվել են երկկողմ շփումները խորհրդարանների, գործադիր և դատական իշխանության մարմինների միջև: Դիվանագետը հիշեցրել է, որ դեկտեմբերի կեսերին Մոսկվայում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակներում ստորագրվել են մի շարք նշանակալի համաձայնագրեր:
«Ուրախացրել են առևտրատնտեսական ցուցանիշները, որոնք այս տարվա ընթացքում աճել են ավելի քան երկու անգամ։ Ռուսաստանը Հայաստանի համար մնում է գլխավոր արտաքին առևտրային գործընկերն ու ներդրողը, ինչը մեր սերտ բազմապլանային փոխգործակցության տրամաբանական շարունակությունն է, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ինտեգրման արդյունքը»,- շեշտել է դեսպան Կոպիրկինը։
Նա անդրադարձել է նաև գիտական, կրթական և մշակութային ոլորտներում կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ սա ևս մեկ վկայություն է՝ մեր ժողովուրդներն ամուր կապված են համատեղ պատմության կապերով, ընդհանուր հոգևոր-բարոյական և մշակութային արժեքներով։
Դեսպան Կոպիրկինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ հարթակում համագործակցությանը՝ շեշտելով, որ հարթակն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջվածությունը։
«Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ջանքերի շրջանակում շարունակել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այդ գործընթացի առաջխաղացման գործում կարևոր ներդրում են դարձել հոկտեմբերի վերջին Կազան քաղաքում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները»,- նշել է դեսպանն ու հավելել՝ Մոսկվան պատրաստ է նոր տարում ևս անել հնարավորը Երևանի և Բաքվի միջև տևական և արդար համաձայնագրի հիման վրա երկար սպասված խաղաղության հաստատման համար:
Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը թույլ կտա գործնական փուլ տեղափոխել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը:
Դեսպանը շեշտել է՝ շատ բան է արվել, բայց դեռ ավելին կա անելու։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում չդադարող ճգնաժամային երևույթները և գլոբալ տուրբուլենտությունը պետք է ավելի համախմբեն մեր երկրներին և ժողովուրդներին ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու համար։
«Եկել է Եվրասիական մայրցամաքում միասին անվտանգության և տնտեսական համագործակցության նոր, ավելի արդար համակարգ կառուցելու ժամանակը»,- շեշտել է դեսպանը։
Ռուս դիվանագետը մաղթել է, որ նոր տարին բերի երջանկություն, նոր ձեռքբերումներ և բարի, դրական լիցքերով իրադարձություններ, իսկ Ռուսաստանին և Հայաստանին՝ բարգավաճում և անվտանգ զարգացում: