կարևոր
2410 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-11 10:19
Հասարակություն

Արցախցիների դեմ արշավը շարունակվում է․ «Հրապարակ»

Արցախցիների դեմ արշավը շարունակվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ վաղ առավոտյան Քննչական կոմիտեի մուտքի մոտ նկատել էինք մեկ տասնյակից ավելի դեղին ավտոբուսներ՝ առանց պետհամարանիշների, որոնց մի մասը մարդիկ հրելով փորձում էին մոտեցնել շենքին։ Մենք պարզեցինք, որ դրանք Արցախից բերված ավտոբուսներ են, որոնցով մարդիկ 2023-ի սեպտեմբերին տեղափոխվել են Հայաստան։ Թե ինչու են դրանք հայտնվել ՔԿ-ի բակում, արդյո՞ք իշխանությունը շարունակում է նախորդ օրը խորհրդարանում սկսած հակաարցախյան գրոհը՝ մեզ չհաջողվեց պարզել:

Արցախյան շրջանակները տեղեկություն չունեին նոր առգրավումների մասին, բայց պատմեցին, որ Սրբազան շարժման ակտիվ շրջանում՝ հունիսի սկզբին, ՔԿ-ն մասկի շոու է իրականացրել Մասիս քաղաքում, որտեղ տեղակայված էին Արցախից բերված ավտոբուսները, եւ որոնք Մասիսում բնակություն հաստատած որոշ արցախցիների ցույցերի էին բերել։

Ի դեպ, դատարկ ավտոբուսներ առգրավելիս մասկի շոու են կազմակերպում՝ տասնյակ դիմակավորված աշխատակիցների գործուղելով դեպքի վայր, մինչդեռ վերջերս Նալբանդյան գյուղում զինված մարդասպանի դեմ անզեն օպեր եւ թաղային էին ուղարկել։

Քննչական կոմիտեից երեկվա ավտոբուսների մասին մեզ ասացին. «Հասարակական տրանսպորտի շահագործման ոլորտի ընկերությանն առնչվող՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվել է համապատասխան ավտոբուսային տրանսպորտային միջոցների առգրավման քննչական գործողություն։ Նախաքննության շահերից ելնելով՝ ներկա փուլում այլ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»։