կարևոր
5566 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-16 00:08
Հասարակություն

Թուրք-ադրբեջանական միության պահանջը ՀՀ լուծարումն է և հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան

Թուրք-ադրբեջանական միության պահանջը ՀՀ լուծարումն է և հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրել է.

«Ամենայն հավանականությամբ հանրության որոշակի հատվածում դեռևս անտեղյակ են թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներից։

Հավանաբար անհրաժեշտ է տեղեկացնել նրանց բոլորին, որ թուրքադրբեջանական միությունը հայ ժողովրդին և համայն հայությանը փորձում է պարտադրել ստորև մեկտեղված պահանջները։

Ահավասիկ՝ թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները.

– պաշտոնապես հրաժարվել Արցախի Հանրապետության մասին հիշատակումից, առավել ևս՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից,

– պաշտոնապես հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից, – ընդունել նոր ՀՀ Սահմանադրություն՝ չեղարկելով ՀՀ Անկախության հռչակագիրը,

– փոփոխել ՀՀ զինանշանը՝ հանել Արարատ լեռան պատկերը,

– կրճատել ՀՀ զինված ուժերի քանակն ու դադարեցնել զենքի և ռազմամթերքի գնումները,

– հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից,

– ստորագրել խաղաղության պայմանագիր՝ բացառապես Ադրբեջանի առաջադրած պայմաններով,

– մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը` սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանամերձ տարածքներ՝ ըստ Ադրբեջանի պահանջի, և հետ քաշել հայկական զինված ուժերն իրենց դիրքերից,

– Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող այլ տարածքներ՝ միջանցքների, կամ այլ անվան տակ,

– Սևանա լիճը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս,

– դադարեցնել Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը,

– մոռանալ Բաքվի բանտերում խոշտանգվող պատանդներին ու ռազմագերիներին, և երբեք չպահանջել նրանց հետհանձնումը Հայաստանին։

Նշված պահանջների տրամաբանական համակցությամբ ստացվում է, որ պահանջում են.

1. ներդաշնակեցնել ու համապատասխանեցնել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությունը թուրք-ադրբեջանական միության քաղաքական օրակարգին,

2. հրաժարվել Հայաստանի անվտանգության ապահովման ավանդական եղանակներից, և ապավինել թուրք ադրբեջանական միության բարեհաճությանը։

Եթե փորձենք մի փոքր էլ տրամաբանել ու կանխատեսել, ապա ստացվում է, որ թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը։ Վերջինս այն է, ինչի վերաբերյալ պաշտոնական պահանջ դեռևս չի ներկայացվել ։

Տեղեկացրեք անտեղյակներին, և եթե նույնիսկ տեղեկանալուց հետո կհաշտվեն այդ ամենի հետ, ապա կարող են շարունակել մնալ անհաղորդ, անտարբեր, և «զբաղվել իրենց գործով»։