Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ճնշման քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Ավելին՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հարցաքննվել է նաեւ Հայկուհի Հարությունյանը։
Բացի այդ, ԱԱԾ նախկին տնօրենն ու Հայկուհի Հարությունյանը եւս առերեսվել են կոմիտեում։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման մի դեպքի մասին էր:
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։
«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր․․․
Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․ Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երեւույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է․․․
Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն. դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար»: