կարևոր
3553 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-06 20:30
Հասարակություն

Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց. news. am

Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց. news. am

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին news.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանից։

Նա նշեց, որ նա մի քանի հիվանդություններ ունի, որոնք կալանքի պայմաններում ավելի են վատթարացել։

«Մենք նրան տեղափոխեցինք «Աստղիկ» բկ՝ հետազոտության, այժմ նա տեղափոխվել է կալանավայր, սպասում ենք հետազոտության պատասխաններին»,- ասաց փաստաբանը։

Նա նաեւ մանրամասնեց, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը․ «44-օրյա պատերազմի ընթացքում նա վիրավորում է ստացել, գլխուղեղի մեջ բեկոր կա։ Սիրտը 3 անգամ ստենդավորված է»։

Հիշեցնենք՝ ՔԿ-ն հաղորդել էր, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ եւ 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ՀՀ ՔՕ 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

Նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Գարիկ Գալեյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել:

Աղբյուրը՝  news.am