Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրաբյուրոկրատների էմոցիոնալ եւ սրտաճմլիկ, իրականում ուշացած եւ անատամ գնահատականներն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպան գործողությունների վերաբերյալ ոչ մի հավելյալ քաղաքական արժեք եւ հետեւանք չունեն: Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։
«Գրանադայում կայացած Եվրոպական բարձրաստիճան հավաքի արդյունքները կանխատեսելիորեն բուռն քննարկման առարկա են դարձել հիմնականում ներքաղաքական դիրքավորման դիտանկյուններից:
Փորձենք վերլուծել իրավիճակը ռեալպոլիտիկի եւ աշխարհաքաղաքական շահերի տեսակետից:
Ալիեւ-Էրդողան զույգի բացակայությունը, անկախ ներկայացված պատրվակներից, ի ցույց դրեց կրկին այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում նրանք սպիտակներով են խաղում ոչ միայն Հայաստանի դեմ խաղում, Եվրոպական Միության հետ:
Եվրաբյուրոկրատների էմոցիոնալ եւ սրտաճմլիկ, իրականում ուշացած եւ անատամ գնահատականներն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպան գործողությունների վերաբերյալ ոչ մի հավելյալ քաղաքական արժեք եւ հետեւանք չունեն: ԵՄ պաշտոնյաները, ինչպես նաեւ առանձին վերցրած երկրների ղեկավարները զերծ մնացին Ադրբեջանի դեմ որեւէ պատժամիջոց կիրառելու հեռանկարից: Մնացածը՝ հումանիտար աջակցություն, անիմաստ դիվանագիտական լոլոներ, վիզուալ համերաշխության բեմադրումներ, այս ամենը լիրիկա է, իսկ ավելի ճիշտ՝ սեփական երեսը պահելու եւ Հայաստանի ղեկավարության գեոպոլիտիկ ավանտյուրաները խրախուսելու միջոց:
Փաստացի Ալիեւն արեւմտյան բանակցային հարթությունից ստացավ մաքսիմումը (նշաձողի իջեցումից՝ մինչեւ Պրահայի հայտարարություն), իսկ Գրանադա չգնալով՝ նաեւ ցուցադրական ժեստ արեց Մոսկվայի ուղղությամբ, ով շատ ավելի զգայուն եւ կոշտ է դարձել տարածաշրջանում փաշինյանական խաղերի նկատմամբ:
Բացի դրանից, հարկ կա արձանագրելու եւս մեկ իրողություն, որը բավարար չի քննարկվում այս իրավիճակում. Ալիեւի հետ բրյուսելյան հարթակում որեւէ դրական արդյունք Հայաստանի համար չի լինելու, որովհետեւ ի թիվս այլ հիմնավորումների՝ Ալիեւը եւ Էրդողանը չեն հարգում ներկայիս եվրոպական առաջնորդներին՝ սկսած Շառլ Միշելից՝ մինչեւ Շոլց ու Մակրոն:
Արեւելյան ոճի մտածելակերպ ունեցող, գործած ոճիրներից հետո անպատիժ մնացած, դիմացինի թուլությունները կայծակնորեն զգացող եւ օգտագործող այս դեսպոտների զույգի համար եվրաչինովնիկներին տրված ոչ մի խոստում պահելու ենթակա չէ, ոչ մի համատեղ խմած կապուչինո քաղաքական կատեգորիա չէ:
Ավելին, չմոռանանք, որ Եվրոպական Միությունում գալիք գարնանը տեղի են ունենալու նոր ընտրություններ, եւ թե՛ Միշելը, թե՛ Բորելը, թե՛ Ֆոն դեր Լայենը փաստացի «կաղացող բադիկներ» են, որոնք ավելի շատ հիմա կարիք ունեն թեկուզ ձեւական հաջողություններ ցուցադրել՝ իրենց անձնական կարիերան 2024թ.-ից հետո ապահովելու համար:
Գրանադա գնալ պետք էր, պետք չէր Գրանադայից առաջ եւ ընթացքում հակառուսական քաղաքականություն իրականացնել: Պետք էր Արցախի հայաթափումից հետո օգտագործել այդ հարթակը հայկական շահերի պաշտպանության համար, ոչ թե հերթական աճուրդի: Պետք չէր զրուցել Զելենսկու հետ, ով շնորհավորել էր Ալիեւին Արցախի հայաթափման կապակցությամբ:
Պետք էր օգտագործել այն փաստը, որ անկախ գեոպոլիտիկ բախումներից՝ Ռուսաստանը եւ Արեւմուտքն այնուհանդերձ նույն Արցախի հարցով կոնտակտներ պահում են (Ստամբուլյան վերջին հանդիպումը վկա): Ընտանիքի անդամի քվոտայով պետք էր Գրանադա մի արցախցի երիտասարդ տանել՝ իր համար նաեւ քարոզչական հարթակներ ստեղծելով:
Թվարկածս «պետքերի» շարքն ակնհայտորեն անհամատեղելի է Նիկոլ Փաշինյանի շարունակվող «վարչապետության» հետ: Ու գալիս ենք ամենակարեւոր «պետքին»՝ նա պետք է հեռանա այդ պաշտոնից, հակառակ դեպքում շարունակվելու են հայկական շահերի հերթական տապալման վայր դարձող քաղաքների անպտուղ քննարկումները»,- գրել է նա։