կարևոր
3793 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-13 18:44
Հասարակություն

Խստորեն դատապարտում ենք լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները. ՀԺՄ

Խստորեն դատապարտում ենք լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները. ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությունը է տարածել, որտեղ դատապարտում է լրագրող Անի Գևորգյանի դեմ հարձակումներն ու հետապնդումները:

«Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավը լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի  և «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ ներկայումս պրոյեկտվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գևորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում և էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները և ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը նոր թափ են հավաքել:

Այսպես՝ սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի քարոզարշավային հերթական լուրը լուսաբանող Անի Գևորգյանի նկատմամբ հարձակում են գործել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրները, որոնցից ամենաագրեսիվը եղել է ՔՊ կուսակցության մոլի աջակից մի կին, ով ավելի վաղ նույնպես աչքի էր ընկել լրագրողների հասցեին հնչեցրած ոչ նորմատիվային բառապաշարով, սպառնալիքներով ու ֆիզիկական հաշվեհարդարի կոչով:

Հարձակումը տեսանկարահանված է, հրապարակված է ինչպես լրագրողի, այնպես էլ հենց իր՝ հարձակում գործող կնոջ սոցցանցային էջով:

Ի դեպ, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրը լրագրող Անի Գևորգյանին հրահանգում հեռանալ, չլուսաբանել քարոզարշավը, այսինքն՝ խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, սակայն զարմանալիորեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառը վնասող քաղաքացուն ձերբակալող Քննչական կոմիտեն, օրինակ, չի արձագանքում այս աղաղակող առերևույթ հանցանքին, ինչպես չեն արձագանքում Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը:

Տեղին է նշել, որ այս վարքագիծն առնվազն եթե ոչ՝ խրախուսվում, ապա՝ հավանության է արժանանում հենց Տիգրան Ավինյանի կողմից, ով ինքն էր Անի Գևորգյանին հորդորում՝ գնացեք, ձեր թեկնածուի հետ պտտվեք:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ. ավելի վաղ քարոզարշավային օրերի ընթացքում Անի Գևորգյանի նկատմամբ սանձարձակ, պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ էր ցուցաբերել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անի Գևորգյանի նկատմամբ կեղտոտ արշավը չի սահմանափակվում միայն լրագրողի նկատմամբ հարձակումներով. թիրախավորվել են նաև վերջինիս ընտանիքի անդամները, որոնց լուսանկարները՝ ամենաայլանդակ մեկնաբանություններով, իշխող ՔՊ-ամերձ շրջանակների կողմից տարածվում են սոցիալական ցանցերում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեության դեմ ուղղված այս արշավը ու դրանց նկատմամբ իրավապահ համակարգի կողմից արձագանքի բացակայությունը: Կրկնակի ստանդարտների կիրառությունը ոչ միայն չի լիցքաթափելու իրավիճակը, որի պատասխանատվությունը բացառապես գործող իշխանությանն ու իրավապահ համակարգինն է, այլև ընդհակառակը, լարվածության ու հասարակության մեջ խորը պառակտվածության նոր շերտեր է ավելացնելու:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք հավատարիմ մնալ իրավապահի կոչմանը, իրերին ու երևույթներին չնայել տարբեր պրիզմաների միջով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին կոչ ենք անում կառավարել սեփական թիմակիցների ու համակիրների բնազդները և գործողությունները, թույլ չտալ անհարկի լարվածություն ստեղծելով՝ խոչընդոտել լրագրողի պրոֆեսիոնալ աշխատանքը:

Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը որևէ երկրում ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ խոսքի ազատության երաշխիքն է, պետական մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության գործիքը:

Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի, գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալը քաղաքացու, ընտրողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, որն ապահովվում է, այդ թվում՝ լրագրողի աշխատանքով: Լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալը պաշտոնյայի, առավել ևս՝ թեկնածուի պարտավորությունն է.,- նշված է հաղորդագրության մեջ: