Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը վախեցած է: Դա այնքան ակնհայտ է, որ նրա մարմնի ու ֆիզիկական գոյության անվտանգության ապահովիչները չեն էլ փորձում թաքցնել: Հակառակը՝ անթաքույց ցուցադրում են Փաշինյանի վախի ահռելի աստիճանը: Այնքան ահռելի, որ բանը հասել է... Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկների մեջ մետաղորսիչով ական կամ պայթուցիկ որոնելուն:
Ըստ որում, նկատենք, ապրիլի 23-ի երեկոյան ջահերով երթի մասնակիցները նաև ծաղիկներ էին խոնարհել անմար կրակի շուրջ: Շատ ծաղիկներ: Իսկ Փաշինյանի անվտանգության ապահովիչները ոչ միայն չեն ալարել ուշ գիշերով կամ, հնարավոր է՝ լուսադեմին գալ, հավաքել այդ ծաղիկները, թողնել միայն մի բարակ շերտ: Բայց նույնիկս այն բանից հետո, երբ ծաղիկները հավաքել են՝ մի-մի հատ թողնելով, էլի մետաղորսիչ սարքը վերցրած՝ կակաչ առ կակաչ ստուգում են, որ հանկարծ ոչինչ չպայթի, երբ անարժան Փաշինյանը մոտենա: Կարելի է կարծել, որ եթե ինչ-որ մեկը նման մտադրություն ունենա, ապա հենց Ծնծեռնակաբերդի սրբավայրն է դրա համար ընտրելու:
Այո՛, Փաշինյանը վախեցած է: Ու դա միայն ծաղիկների մեջ ռումբ որոնելով չի դրսևորվում: Էլի դրսևորումներ կան՝ սկսած մարդասպան-ավտոշարասյունով շրջելուց, վերջացրած՝ ԱԺ դահլիճ թիկնապահներով շրջապատված մտնելով:
Բայց ինչի՞ց է վախեցած: Արդեն արածների՞ց ու դրա համար պատասխան տալու հավանականությունից, թե՞ ավելի շատ նրանից, ինչ դեռ անելու է կամ որոշել է անել, սակայն դեռ չի բարձրաձայնում: Այսինքն՝ դեռ բացահայտ չի ասում (չնայած, ապրիլի 18-ի ելույթից հետո էլ ի՞նչ ասի):
Չնայած, այն, ինչ պիտի դեռ անի, նույնպես ակնհայտ է: Այն բանից հետո, երբ Փաշինյանը գործնականում հայտարարեց, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական, հերթը թուրքական մյուս նախապայմանի կատարումը բարձրաձայնելունն է: Հայտնի է, թե որ նախապայմանը՝ Հայոց ցեղասպանության ուրացումը:
Այն, որ Նիկոլ Փաշինյանն այդ թուրքական նախապայմանն էլ է ընդունել, հստակ երևում է Ապրիլի 24-ի կապակցությամբ նրա վերջին ուղերձից: Նույնիկ խոշորացույցով դուք Փաշինյանի ուղերձում ոչ մի թթու խոսք չեք գտնի Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի հասցեին: Ավելին, Փաշինյանի այս տարվա ուղերձում բացարձակապես ոչինչ չկա Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման մասին: Ոչի՛նչ: Ընդամենը, ինչ-որ «Օսմանյան կայսրության կողմից...» իրականացված ցեղասպանություն ու. «Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով»:
Եթե հավելյալ մեկնաբանությունները դնենք մի կողմ, բավարար է հենց իր՝ Փաշինյանի ընդամենը երկու տարի առաջվա ուղերձի բովանդակության հետ համեմատություն անել: Սա 2021-ի Ապրիլի 24-ին Փաշինյանի հրապարակած ուղերձից արտահայտույթունների ու բնորոշումների ծաղկաքաղ է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են...
...Միաժամանակ, անհերքելի է, որ միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները, և մենք բարձր ենք գնահատում և կարևորում աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
...մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից: Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները»:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի շրջախոսությունը, երբ հայտարարում է մի բան, իրականում նկատի ունենալով և կատարելով տրամագծորեն հակառակը՝ դժվար չէ ենթադրել, թե ինչ է նշանակում 2021-ին նրա ասածը, թե՝ «մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը»:
Ո՞վ կարող է վստահ լինել, որ 2022-ի հոկտեմբերին, Պրահայում Ալիևի ու Էրդողանի հետ «բանակցությունների» ժամանակ, Փաշինյանը ոչ միայն Արցախն է ճանաչել ադրբեջանական, այլև Հայոց ցեղսպանությունն է ուրացել: Փաշինյանի՝ 2023-ի ապրիլքսանչորսյան ուղերձը հուշում է, որ նման մի բան եղել է:
Աղբյուրը՝ 7or.am