Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մեր աղբյուրներից զանգահարել էին խմբագրություն ու հայտնել, որ ԲԿՄԱ ակումբի, ինչպես նաեւ մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը փորձում է իր որդուն նշանակել տարիքային հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ: Լրագրողը կարծել էր, թե քիչ հավանական է, որ տեղեկությունը ճշմարիտ լինի, քանզի հարցականի տակ է խայտառակ ցուցանիշներ գրանցած Ռաֆայել Նազարյանի պաշտոնավարումը. վերջինիս գլխավորությամբ մինչեւ 21 տարեկանների ազգային թիմը 10 խաղից 9-ում պարտություն է կրել, ինչպես նաեւ, նրա գլխավորությամբ, պարտվել ենք, օրինակ, Ֆարերյան կղզիներին, Լյուքսեմբուրգին եւ այլն:
Արի ու տես, որ հայկական ֆուտբոլում կարեւորը անձնական կապերն են, մութ ու ոչ ֆուտբոլային հարաբերությունները, որոնց վերաբերյալ հավաքագրվում են հստակ տեղեկություններ: Հիմա թերեւս ամենատարօրինակ նշանակման մասին. նախկին լրագրող, հանգամանքների բերումով ֆեդերացիայի նախագահի աթոռին հայտնված Արմեն Մելիքբեկյանը Էրիկ Նազարյանին նշանակում է մինչեւ 15 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ: Վերոնշյալ երիտասարդը Ռաֆայել Նազարյանի որդին է եւ, որպես ֆուտբոլիստ, վերջին անգամ եղել է Արցախ ֆուտբոլային ակումբում, չի խաղացել նույնիսկ մեծահասակների ազգային հավաքականում: Փաստորեն, մեծ-մեծ արժեքներից խոսող ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համար ոչ միայն կարեւորը ֆուտբոլը չէ, այլեւ ամեն բան անում են, որպեսզի Հայաստանից հիասթափվեն ու երկրից հեռանան իրենց կյանքը ֆուտբոլի հետ կապել ցանկացող երիտասարդները:
Ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատող ՀՖՖ այս ղեկավարության օրոք ֆուտբոլի զարգացում հնարավոր չէ. ոլորտի պրոֆեսիոնալները շարունակում են հեռանալ ու դեռ հեռանալու են, քանի դեռ ոլորտը գտնվում է նման մարդկանց պատասխանատվության ներքո, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ունեն ազատություն, իսկ դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունն էլ չեն գնում մամուլի հրապարակումների հետեւից:
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ Ռաֆայել Նազարյան այսպես կոչված մարզչի ձեռքի տակով անցած 10-ից ավելի պատանիներ արդեն հեռացել են ֆուտբոլից՝ այդ ընթացքում ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, քանզի հանդես են եկել ԲԿՄԱ ակումբում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում