կարևոր
3013 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 11:20
Քաղաքական

Արգենտինայի ԱԳՆ-ն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը

Արգենտինայի ԱԳՆ-ն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը

Արգենտինայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ: Այս մասին հաղորդում է Արգենտինայում հրապարակվող Diario Armenia պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոն հունվարի 26-ին արտգործնախարարության իր գրասենյակում ընդունել է Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի (ՀԱԽ) տարածաշրջանային տնօրեն Արամ Մուրադյանին։

«ՀԱԽ տնօրենն իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնել հումանիտար իրավիճակի առնչությամբ, որում հայտնվել է Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) արդեն 45 օր շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակումից։ Արտգործնախարարին նաև ասվել է Արգենտինայի կողմից ադրբեջանական պետության գործողությունները դատապարտելու և մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժը երաշխավորելը պահանջելու անհրաժեշտության մասին», - նշում է պարբերականը։

Հանդիպումից հետո Արգենտինայի ԱԳՆ-ն «իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը»։

«Նախարարը նաև կրկնել է այն սկզբունքները, որոնք ուղղորդում են Արգենտինայի գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության և վեճերի խաղաղ կարգավորման հարցում», - նշում է Diario Armenia-ն։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արգենտինայի Արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Կլաուդիո Ջ. Ռոզենցվայգը, Եվրոպական հարցերով նախարար Պաբլո Մ. Պինեյրոն և Ֆլորենսիա Զանիկյանը՝ Հայ Ազգային Խորհրդից: