կարևոր
3754 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 15:24
Աշխարհ

Դնեպրում 9 հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս ուկրաինական հարվածներից կան զոհեր

Դնեպրում 9 հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս ուկրաինական հարվածներից կան զոհեր

Ուկրաինայի Դնեպր քաղաքում հունվարի 14-ին տեղի ունեցած գնդակոծությունից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա: Բնակիչներին տարհանել են գրեթե ամբողջ շենքից, նրանց համար պատրաստել են ժամանակավոր կացարաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:

Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չգտնվեն բոլոր զոհերի մարմինները:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ հունվարի 14-ին ռուսական հերթական զանգվածային գնդակոծության ժամանակ հրթիռներից մեկն ընկել էր Դնեպրում 9-հարկանի շենքի վրա՝ ամբողջությամբ փլուզելով շենքի հատվածներից մեկը:

Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդել են, որ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով շենք է փլուզվել. փլատակների տակից գիշերը դուրս է բերվել 2 կնոջ մարմին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլատակների տակից դուրս է բերվել 1 տղամարդու մարմին:

Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 328 օր:

Ամփոփելով նախորդ օրվա հիմնական իրադարձությունները՝ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տասնչորս Challenger-2 տանկեր, ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հարյուրավոր այլ զրահամեքենաներ, զինամթերք և հարյուրավոր հրթիռներ ուղարկելու մասին: Այսպիսով, Բրիտանիան դառնում է առաջին երկիրը, ով Կիևին կմատակարարի արևմտյան նմուշի տանկեր:

Արձագանքելով Ուկրաինա տանկեր ուղարկելու Բրիտանիայի որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան բացասական է որակում այդ քայլը: Նա նշել է, որ Բրիտանիան, Լեհաստանը և այն երկրները, որոնք նոր սպառազինություն են ուղարկում Ուկրաինային, չեն կարող տեղում փոխել իրավիճակը:

«Այդ տանկերն այրվում են և կայրվեն, ինչպես մյուսները», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի և կհասնի իր նպատակին: