կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 14:52
Հասարակություն

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» 4760 շահառուներից 4343-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» 4760 շահառուներից 4343-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում

Մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) հավաքագրել է 72 միլիարդ ՀՀ դրամ, որից 60,9 միլիարդը պարտադիր վճարների տեսքով, 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։

Հիմնադրամից հայտնում են, որ այս պահին ԶԱՀ-ն ունի 4,760 շահառու, որից 4,343-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում և հետո։ ԶԱՀ-ը շարունակում է իրականացնել հատուցումներ ստացվող նոր դեպքերի մասով։

Ընդհանուր 4,760 շահառուներից զոհված են 3,998-ը, անհայտ բացակայող՝ 152-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 610-ը։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը կատարել է 59 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։

Ապրիլի 24-ին ընդառաջ ԶԱՀ-ի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը դառնում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու տարբերակ։ Նահատակների սերունդները կարող են նվիրաբերություն կատարել ի հիշատակ իրենց նախնիների, ինչպես նաև յուրաքանչյուր հայ՝ ի հիշատակ մեր բոլոր զոհերի՝ դրանով նաև կանգնելով իրենց կյանքն ու առողջությունը մեր հայրենիքի և բոլորիս համար չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։

Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը։

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններին, որոնք առնչվում են ԶԱՀ-ի շահառուներին, կարող եք ծանոթանալ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի լրամշակված տարբերակում։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

 ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

 ԶԱՀ-ի մասին

 ԶԱՀ-ը տրամադրում է.

Միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ զոհված և անհայտ բացակայողների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200,000 – 300,000 ՀՀ դրամ:

Միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ զինհաշմանդամության 2-րդ խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100,000 – 200,000 ՀՀ դրամ:

Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինծառայողի զորքերի կազմից։

Ի հավելումն վերը նշված ամսական վճարների, շահառուն իրավասու է ստանալ 100,000 ՀՀ դրամ ամսական լրավճար, եթե ընտանիքում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ։

Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։ Այս նախագծի շրջանակներում ողջ ազգով ապավեն ենք լինում այն հերոսներին և նրանց ընտանիքներին, ովքեր տվեցին իրենց ամենաթանկը հանուն մեր արժանապատիվ ապագայի և հզոր հայրենիքի։