Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես պահանջում եմ Հայաստանի հայրենասիրական ուժերից՝ ղեկավարե՛ք մեզ, առաջնորդե՛ք, դուրս գանք փողոց, փրկենք մեր երկիրը․ Yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնում Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը։
«Շատ մտահոգված եմ Արցախում այս օրերին տիրող իրավիճակի առնչությամբ: Հայաստանի պետական կառույցների անգործությունը մեր հասարակության վրա շատ բացասական ներգործություն են ունենում: Մենք անընդհատ լսում ենք ապագայի վերաբերյալ սոսկալի լուրեր, իսկ գործը բացակայում է: Իրավիճակն այնքան սոսկալի է, որ մեր գրական աշխատանքում արդեն երրորդ շաբաթն է՝ ձեռքներս չի գնում մի բան անենք, այդքան ծանր հոգեվիճակում ենք»,- ասաց նա:
Գրականագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը, հետեւաբար՝ նրան անվերջ քննադատելն անհեթեթ զբաղմունք է համարում։
«Բոլոր կուսակցական գործիչները Նիկոլ Փաշինյան են մեկնաբանում: Դադարեցրե՛ք այդ գործը, մենք ոտք ու ձեռք ունենք՝ գնանք մեր հայրենիքը պաշտպանենք՝ ինչով ուզում է: Նիկոլ Փաշինյան մի՛ մեկնաբանեք, գործ արեք հայրենիքի համար: Բոլորին թվում է, որ Փաշինյանին քննադատեցին, բան կփոխվի: Այդ մարդը մեր երկրի շահերը չի արտահայտում, արդեն որերորդ տարին է, արդեն հայտնի է, դա գաղտնի՞ք է ձեզ համար:
Թե ինչ է ասում Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիրը», իրենց քաղաքական սկզբունքն է, նրանք չեն արտահայտում ժողովրդի շահերը: Աբգար Ափինյանը, Դաշնակցությունը, «Հայաստան» դաշինքը արտահայտում են Հայաստանի ազգային շահերը: Եկեք միասին որոշենք, գնանք, տեր կանգնենք մեր երկրին: Չորս տարի է՝ մեր երկիրը կեղեքում են, քանդում են մեր հայրենիքը, մենք Նիկոլ Փաշինյան ենք մեկնաբանում, բավական է,- ընդգծեց նա՝ հավելելով՝ Փաշինյանը կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարող երկրի համար գործ անել:- Նրան մի կողմ թողեք, հույս մի կապեք ո՛չ այդ մարդու, ո՛չ էլ մեր կառավարության հետ»:
Երկրում սոսկալի ապատիա է, ասում է Աբգար Ափինյանը եւ հորդորում՝ հայրենասիրական ուժերի կոնսոլիդացիա, քաղաքական կուսակցությունները պիտի միաբանեն հասարակությանը մեկ ընդանուր՝ «հայրենիքը պաշտպանելու» տեսլականի շուրջը։
«Եթե պաշտպանության նախարարությունը ճիշտ ինֆորմացիա չի տալիս այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, եթե մեր պետական մարմինները մատնված են անգործության, ապա այս իրավիճակում միակ ելքը քաղաքական ուժերի համախմբումն է: Մեր մտավորականությունը պատրաստ է աջակցել այդ շարժմանը»,- ասաց Համահայկական գրողների միության նախագահը:
Նա նշեց, որ շարժումը պիտի ունենա մեկ նպատակ՝ պաշտպանել Արցախը։ Շեշտեց՝ Արցախը մեր սրբությունն է, բայց այսօր հայտնի քաղաքական ուժերի կողմից չի տեսնում առաջնորդություն։ «Այս ի՞նչ սպասողական վիճակ է: Բոլոր կուսակցական գործիչները, քաղաքական հայտնի դեմքերը, որտեղ միկրոֆոն են տեսնում, գնում են: Քաղաքական գործիչը պիտի գործ անի: Պատկերացրեք՝ Զորավար Անդրանիկը միկրոֆոնն առներ եւ ելույթ ունենար որեւէ տեղ: Այդպես չի կարող լինել: Պետք է ծրագիր մշակել, քննարկել հայ մտավորականության հետ:
Բոլոր այն պատմական շրջաններում, երբ մեր կուսակցությունները գործել են մտավորականության հետ առանց հաղոդակցության, մենք տապալվել ենք: Մտավորականների հետ պիտի խորհրդակցեն, իսկական մտավորականների ես նկատի ունեմ, ոչ թե այն խամաճիկների, որ լցված են հրապարակում, եւ բոլորին այդ կոչումը տրվում է անարժանորեն։ Ես խոսում եմ իսկական, ազնիվ մտավորականների մասին, որոնք մտահոգված են հայրենիքի ճակատագրով»,- արձանագրեց Ափինյանը՝ շեշտելով, որ մարդիկ, որոնք մեծ վաստակ ունեին, ամենից սոսկալի օրինակը տվեցին մեր հասարակությանը:
Աբգար Ափինյանի խոսքով՝ հասունացել է ժամանակը հավաքվելու, ծրագիր մշակելու եւ քայլեր ձեռնարկելու՝ հայրենիքը պաշտպանելու համար։․ «Զավզակության ժամանակը չէ, այլեւս խայտառակություն եւ ամոթ է մեզ համար, հայրենիք ենք կորցնում: Ես արդեն չեմ լսում ոչ մի քաղաքական գործչի, շատ վրդովված եմ»,- ասաց նա:
Ափինյանը նշեց, որ Կառավարությունը Համահայկական գրողների միությանը մի կոպեկով չի ֆինանսավորել, 30 ծրագիր են ներկայացրել, բոլորը մերժվել են: Այդուհանդերձ, միությունն անցած տարին գյուղերում է անցկացրել, Տիգրանաշեն 4 անգամ են այցելել՝ ժողովրդին հուսադրելու համար։
«Համահայկական գրողների միությունը, առանց պետական աջակցության, Նոր տարին դիմավորեց Տիգրանաշենում: Գնացինք, մեր ժողովրդին հույս տվեցինք, ասացինք՝ զենքն առնելու ենք, կռվելու ենք մեր հողի համար: Սա է մտավորականի պահվածքը, Հայրենիքի տերը հայ գյուղացին է, հայ մտավորականը: Ես պահանջում եմ Հայաստանի հայրենասիրական ուժերից՝ ղեկավարե՛ք մեզ, առաջնորդե՛ք: Հայրենիքի փրկության օրն է, ժամն է, առաջնորդեք մեզ, գնանք, մեր երկրին տեր կանգնենք»,- եզրափակեց Աբգար Ափինյանը:
Լիանա Սարգսյան