Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցեր ուղղած ԶԼՄ ներկայացուցիչները ֆեյսբուքյան ասուլիսից հետո ահազանգում են, որ իրենց հարցերը հնչել են խմբագրված ու աղավաղված։ Ավելի վաղ ներկայացրել էինք Ա1 պլյուսի և Սիվիլնեթի արձանագրումները: Ի լրումն, խնդրի մասին գրում է Factor TV-ն:
«Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ի առցանց ասուլիսում Factor TV-ի հարցը հնչեցվել է ակնհայտ կրճատումներով, ինչը բերել է հարցի կոնտեքստի աղճատման և իմաստի աղավաղման։ Սա այն դեպքում, երբ հատուկ նշումով Facor TV-ն վարչապետի աշխատակազմին խնդրել էր՝ «Քանի որ ասուլիսի այսպիսի ֆորմատը մի շարք անհարմարություններ է ստեղծում, ակնկալում ենք, որ մեր հարցը կհնչեցվի նույնությամբ՝ ենթահարցերով, առանց կրճատումների»։
Factor TV-ի հարցը՝ ուղղարկված Կառավարության էլեկտրոնային հասցեին, ձևակերպված էր այսպես․ «Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո աջակցության մեր գրավոր և բանավոր դիմումները մերժած ՀԱՊԿ-ն աշխատացրեց իր մեխանիզմները Ղազախստանում։
-Արդյոք Հայաստանը չէ՞ր կարող չմասնակցել այդ գործընթացին՝ մատնանշելով այն փաստը, որ մե՛ր երկրի անվտանգությունն է այսօր խաթարված․ ադրբեջանական ԶՈՒ-ն օկուպացրել է Հայաստանի տարածքը, պարբերաբար դիմում է սադրանքների, և քանի որ ՀԱՊԿ-ն մեզ աջակցություն չի ցուցաբերում, ՀՀ ԶՈՒ-ն նախ և առաջ պետք է ապահովի մե՛ր սահմանների անվտանգությունը։
-Ինչո՞ւ ՀՀ իշխանությունն այս փաստարկը չօգտագործեց՝ այդպիսով ոչ միայն զերծ մնալով առաջիկայում ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում ներքաշվելուց, այլև երկրի ժողովրդավարական իմիջին հարված հասցնելուց։
-Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր պատերազմի դեպքում, եթե Ռուսաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝ ռազմական աջակցության խնդրանքով, արդյոք Հայաստանը կներգրավվի՞ պատերազմում Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայի դեմ։
-Եվ վերջինը․ ղազախական նախադեպից ելնելով՝ ապագայում Հայաստանի որևէ իշխանություն կարող է նույնպիսի հիմնավորումներով ճնշել երկրում ներքաղաքական ընդվզումները՝ ներգրավելով ՀԱՊԿ-ի ուժերին։
Կարո՞ղ եք այսօր հստակ երաշխավորել, որ Դուք այդպիսի քայլի չեք գնա՝ երկրում Ձեզ համար անցանկալի ընդդիմադիր գործընթացները ճնշելու նպատակով»։
Այսպիսով, Factor TV-ի հարցի մի զգալի հատված չի հնչեցվել, և սկզբի ու վերջնամասի միավորմամբ՝ ներկայացվել է աղճատված հարցադրում»,- եզրահանգում է լրատվամիջոցը և հավելում, որ նախորդ առցանց ասուլիսում ևս իր հարցի մի մասը կրճատվել էր, ինչի մասին ևս բարձրաձայնել էին։