Կապիտուլյանտի երեկվա խայտառակագույն եթերը կարելի է համարել «նիկոլիզմի ամբողջական կատեխիզիսը»՝ հայերին դեռ ամիսներ առաջ մորթող թուրքերի նկատմամբ «սիրո ու համերաշխության» թեզիսով, բուհերը ապակուսակցականացնելու նպատակով քպ-ացելու տխմարագույն ու հակատրամաբանական թեզիսով, «բոլորն են մեղավոր, մի թեթև էլ ես եմ մեղավոր» անբարոյական թեզիսով և այլն։
Ի՞նչ պետք է դրան հակադրել։ Ոչ թե բարկություն ու գռմռոց, ոչ թե անեծք ու հայհոյանք (չնայած լիարժեք հասնում է), այլ հակադիր «կատեխիզիս», այսինքն՝ թեզիսների համակարգ, որը պետք է կործանի ու ջախջախի նիկոլիզմը՝ դրանով վարակված մարդկանց սրտերում։
Այս պահին առաջարկում եմ վեց թեզիս, որոնցից ոչ մեկը իմ հեղինակայինը չէ։
1) Մեր ռեգիոնում կա մեկ հստակ «խաղի կանոն». այստեղ ապրելու իրավունք ունեն միայն ձի՛գ ազգերը։ Պետք է ընդունել այդ կանոնի գոյությունը և ղեկավարվել դրանով։
2) Ձիգ ազգ լինելու համար պետք է արմատապես վերանայել իշխանության ընկալումը - իշխանությունը պետք է «ոտքով-գլխով» պատասխանատու լինի իր խոստումների ու վարքագծի համար։ Իշխանությունը պետք է դադարի ընկալվել որպես «անձնական արտոնություն»։
3) Ձիգ ազգ դառնալու համար պետք է անկյունաքարային դառնա «էֆֆեկտիվության» գաղափարը։ Արարողը պետք է խրախուսվի, իսկ պարազիտը՝ խայտառակվի։
4) Ձիգ ազգ դառնալու համար պետք է անկյունաքարային դառնա «արդարության» գաղափարը։ Պետք է ձևակերպել արդարության բանաձևը ու ամենախիստ ձևով պահել բոլոր կարմիր գծերը։ Բանաձևը պետք է ձևակերպել մեր ինքնության ու ավանդույթի հաշվառմամբ։
5) Ձիգ ազգ դառնալու համար պետք է անկյունաքարային դառնա «համերաշխության» գաղափարը։ «Մերձավորին սիրելու» քրիստոնեական պատվիրանը պետք է «միս ու արյուն» ստանա։ «Իմ հայրենակցի խնդիրը իմ խնդիրն է» ազգային սկզբունքը պետք է «միս ու արյուն» ստանա։
6) Ձիգ ազգ դառնալու համար պետք է մեզ նվաստացման հասցնողների խմբակը պատժվի։ Ամենադաժան ու ամենաարդար ձևով։ Որ հետագայում էլ ո՛չ մի խմբակի մտքով չանցնի՝ նույնն անել։
Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ