կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 17:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազության անգործությունը հանգեցրել է ՀՀ և Արցախի դեմ առերևույթ հանցագործությունների շարունակմանը

Դատախազության անգործությունը հանգեցրել է նրան, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ այն առերևույթ հանցագործությունները, որի հետևանքները չափազանց ծանր են, և եթե իրավասու մարմինները ընթացք չտան այս գործին՝ շատ ավելի վատ հետևանքների ենք մենք ականատես լինելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դատարանի դահլիճում դատաքննության ընթացքում։

Նա և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հայց են ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով:

Արծվիկ Մինասյանն ասաց՝ իրենց հաղորդման մեջ վկայակոչում են, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է արարքներ, որոնք առերևույթ համապատասխանում են Քրեական օրենսգրքով նախատեսված՝ պետական դավաճանության հատկանիշներին։   

Դա նախ՝ արտահայտվել է Հայաստանի կողմից բանակցությունները փակուղի տանելով, որը պատճառ է դարձել նաև ռազմական գործողություններ ծավալելու համար ընդդեմ հայկական երկու պետությունների, որը հանգեցրել է պարտության։ Հաղորդման մեջ նշված են նաև այն խոսքերը, որոնցով Փաշինյանը ձախողել է բանակցությունները։

Հաջորդ խումբ հարցերը վերաբերում են Փաշինյանի կողմից ՀՀ և Արցախի Հանրապետության միջազգային և ներպետական անվտանգության համակարգերը հետևողականորեն քայքայելուն։

Երրորդ կարևոր խումբ հարցերը վերաբերում են նրան, որ Փաշինյանը, չունենալով նման լիազորություն, գլխավոր հրամանատարի դեր է ստանձնել և տվել հանձնարարականներ, որոնք չեն բխել մեր անվտանգությունից, կազմալուծել է բանակը։  

Հաղորդման մեջ նշված այս փաստերը կարիք ունեն ոչ միայն ստուգման, այլ նաև հավելյալ բացատրությունների՝ նշեց Մինասյանը, այնինչ Գլխավոր դատախազությունը այս հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելու, դա անելը մերժելու կամ ըստ ենթակայության ուղղարկելու փոխարեն, այն երկու մասի է բաժանել և ուղարկել ԱԱԾ ու ՀՔԾ։

«Դրանից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում․ երբ ՀՔԾ-ն դադարում է գործունեությունը և իր լիազորությունները փոխանցում հակակոռուպցիան նորաստեղծ կոմիտեին։ Մնացած մասը ԱԱԾ վարույթում պետք է քննվեր։ Պարզվում է, այստեղից էլ գործերն ուղարկել են Քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչություն։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մեր հաղորդումը խեղաթյուրվել է և անբացատրելի կերպով մասնատվել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հարցադրումներ է կատարել վարույթն իրականացնող մարմին՝ այդ հաղորդմամբ նշված փաստերը ստուգե՞լ են, նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ։

«Պատասխանները զավեշտալի են, որովհետև մի մասը պատասխանում է, որ ընդհանրապես չեն կարող տրամադրել այդպիսի տեղեկատվություն, երկրորդ մասն ասում է, որ իրենց վարույթում է գտնվում, բայց շարունակվում է աշխատանքը։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այսպիսի վարքագծի նպատակը ոչ թե օրենքով շարժվելով հանդերձ՝ այս մեր հաղորդմանը ընթացք հաղորդելն է, այլ պարզապես շրջանցելը օրենքով նախատեսված պահանջները»,-ասաց Արծվիկ Մինասյանը դատավարության ընթացքում, որը նախագահում էր դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․