կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 15:44
Հասարակություն

Խոշոր չափի յուրացումներ ՀՖՖ-ում․ 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Խոշոր չափի յուրացումներ ՀՖՖ-ում․ 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների  արդյունքում պարզվել են «Նորալուսին» ՍՊԸ 3 տնօրենների կողմից կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելուն օժանդակելու և վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2010-2019թթ. ընթացքում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենը 2014-2018թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով «Նորալուսին» ՍՊ ընկերության 3 տարբեր տնօրենների հետ, խմբի կազմում կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում «Նորալուսին» ՍՊԸ-ին պատկանող «Զեփյուռ» ամառային ճամբարում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու, «Նորալուսին» ՍՊ ընկերության կողմից ակադեմիաի սաների և մարզիչների համար սննդի կազմակերպման, գիշերակացի և այլ  ծառայությունների մատուցման վերաբերյալ: Այնուհետև, առանց պայմանագրով նախատեսված ծառայությունների փաստացի մատուցման, «Նորալուսին» ՍՊԸ կողմից դուրս են գրվել իբր նշված ծառայությունները մատուցված լինելու վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ և ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից արձակված վճարման հանձնարարագրով՝ «Նորալուսին» ՍՊ ընկերության հաշվեհամարին է փոխանցվել ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից տնօրենին վստահված ընդհանուր՝ 69.533.999 դրամ առանձնապես խոշոր չափի գումարը, որը վերջինս, «Նորալուսին» ՍՊԸ տնօրենների օժանդակությամբ յուրացրել է, ինպես նաև  հիշյալ ՍՊԸ  կողմից հարկային հաշիվներում մուտքագրված կեղծ տվյալները ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ տնօրենի գիտությամբ ներառվել են ընկերության հարկային հաշվետվություններում, որի արդյունքում ընկերությունն ի դեմս տնօրենի, խուսափել է առանձնապես խոշոր չափի՝ 20.480.266 ՀՀ դրամի հարկեր վճարելուց, իսկ «Նորալուսին» ՍՊԸ երեք տնօրենների կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արդյունքում պետությանը պատճառվել է նույն չափի՝ 20.480.266 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս: 

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Նորալուսին» ՍՊ ընկերության 2 տնօրեններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով:

«Նորալուսին» ՍՊԸ երկու տնօրենների և ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» տնօրենի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

«Նորալուսին» ՍՊԸ մյուս տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: