Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, պետական այցով կմեկնի Իտալիա: Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալե պալատում նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:
Հանդիպումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը: